Ադրբեջանի հարձակման պատճառով 25 հազար դպրոցահասակ երեխայի կրթությունն ընդհատվել է
«Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի պատճառով Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի որոշ բնակավայրերում անվտանգային լուրջ հարցեր են առաջացել։ Սա բերել է նրան, որ այս բնակավայրերում երեխաները զրկվեցին կրթության շարունակականության ապահովման հնարավորությունից, կրթության իրավունքից»,- ասուլիսում ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։
Նա նշեց, որ երեք մարզերում 25 հազար դպրոցահասակ երեխաների և ավելի քան 6 հազար երեխաների նախադպրոցական կրթությունն ընդհատվել է։
Փոխնախարարը հայտնեց, որ նախորդ շաբաթվա ընթացքում այս բնակավայրերում ուղղակի արձակուրդ է եղել, չեն գործել ուսումնական հաստատությունները՝ հաշվի առնելով լրացուցիչ տեխնիկական բարդություններ չունենալու և գործընթացին լրացուցիչ լարվածություն չբերելու հանգամանքները, հետագայում բաց թողնվածը լրացնելու պայմանով։
«Մենք հետևել ենք ընթացքին, կապի մեջ լինելով երեք մարզերում մեր գործընկերների հետ՝ որոշում ունենք և արդեն այսօրվանից դպրոցները վերականգնել են իրենց աշխատանքը։ Բայց մենք ունենք տարբեր իրավիճակներ։ Այն դպրոցներում, որտեղ հնարավորություն կա և անվտանգության ապահովման տեսանկյունից կան համապատասխան հնարավորություններ, կրթությունը կազմակերպվում է առկա եղանակով։ Մյուս բնակավայրերում, որտեղ մի շարք հանգամանքներ հաշվի առնելով դեռևս առկա ուսուցման վերադառնալ հնարավոր չէ, գործընթացը կկազմակերպվի հեռավար»,- ասաց Ժ. Անդրեասյանը։
Գեղարքունիքի մարզում հեռավար ուսուցմամբ կրթությունը վերսկսել է 12 դպրոց, որոնք հիմնականում Վարդենիսի տարածաշրջանի դպրոցներ են, Վայոց Ձորում՝ Ջերմուկում, 3 դպրոց է գործում հեռավար, իսկ Սյունիքում միայն 5 դպրոց է գործում առկա (Քաջարանում և 1 դպրոց Կապանում)։
«Կնայենք, թե ինչպես է գործընթացը զարգանում այս օրերի ընթացքում, ամեն օրվա դրությամբ կկայացնենք որոշում երեխաների կրթությունն ավելի ամբողջական ապահովելու համար»,- նշեց ԿԳՄՍ փոխնախարարը։
Ինչ վերաբերում է մանկապարտեզներին, նա ասաց, որ Գեղարքունիքում, Վայոց Ձորից Ջերմուկում նախադպրոցական հաստատությունները հիմնականում չեն գործում, մյուս բնակավայրերում, Սյունիքի մարզում շատ տեղերում գործում են։
Նա նաև հայտնեց, որ իրենց տեղեկություններով Գեղարքունիքի մարզում՝ Սոթքում և Այրքում, վնասվել է երկու դպրոց։ Վնասի չափը ճշտվում է ։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանական հարձակման հետևանքով երեք մարզերում իրենց բնակավայրերից տեղահանվել է առնվազն 7600 անձ. ՄԻՊ
- Ադրբեջանի կողմից տարբեր զինտեխնիկայի կիրառումն առավել ինտենսիվ է եղել հատկապես երեխաների` դպրոց և մանկապարտեզ հաճախելու ժամերին. ՄԻՊ
- Ջերմուկ քաղաքում քաղաքացիական բնակչության թիրախավորման մասին ՄԻՊ-ի հավաքած փաստերը
- Քաղաքացիական վիրավորների թիվն այս պահին 4-ն է, առնվազն 2570 անձ տեղահանվել են իրենց տներից. ՄԻՊ
- Մեր ստացած տեղեկություններով թիրախավորվում են նաև քաղաքացիական ենթակառուցվածքները. ՄԻՊ