Հակոբ Արշակյան. Վստահելի ապացույցներ կան, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր հարձակման այդ թվում Նախիջևանի կողմից
«Վստահելի ապացույցներ կան, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր հարձակման՝ ընդլայնելով աշխարհագրությունը, այդ թվում՝ Նախիջևանի կողմից՝ ոտնձգություն կատարելով Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ»։ Այս մասին հայտարարել է ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմայի հետ հանդիպմանը։
Աժ պաշտոնական էջում հրապարակված հայտարարության համաձայն, ԱԺ նախագահի տեղակալն իր մտահոգությունն է հայտնել Նանմադոլ թայֆունի առնչությամբ, որի պատճառով շուրջ չորս միլիոն մարդ է տարհանվել, և հույս է հայտնել, որ իրավիճակը շուտով կկարգավորվի:
Ճապոնիայի դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և ներկայացրած հանգամանալից տեղեկատվության համար:
Նա տեղեկացրել է, որ կփոխանցի Ճապոնիայի կառավարությանը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ փոխնախագահի ներկայացրած տեղեկությունները:
Մասանորի Ֆուկուշիման նշել է, որ Ճապոնիան և Հայաստանն ունեն գործընկերային ջերմ հարաբերություններ, սակայն համագործակցության չիրացված զգալի ներուժ կա, որի ուղղությամբ անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել:
Նրա խոսքով՝ ժամանակն է ակտիվացնել համագործակցությունը քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային և այլ ոլոտներում: Երկուստեք կարևորվել է նաև հայ-ճապոնական մշակութային ու գիտական կապերի ամրապնդումը:
Հակոբ Արշակյանի՝ Ճապոնիա կատարվելիք այցի առնչությամբ ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ: