Ո՞ւմ գրպանն են գնում Արտաշատում հայտարարված տենդերների գումարները
Մինչ երկրում պատերազմական վիճակ է, մարդիկ սգում են ավելի քան երկու հարյուր զոհերի մահը..., Արտաշատում մրցույթների ու դրանց հաղթողների շուրջ կրքեր են բորբոքվում։
Ներկա ու նախկին չինովնիկները, ինչպես պատմեցին Panorama.am-ին, ամեն կերպ փորձում են իրենց ուզած մարդկանց ու իրավաբանական անձանց դարձնել տենդերների հաղթող, որ իրենք էլ կարողանան կողքից կլորիկ գումարներ աշխատել։
Օրինակ, օգոստոսի 29-ին Արտաշատում 21 շենքերի տանիքները փոխելու համար հայտարարված մրցույթում «հաղթել է» խեցեգործությամբ զբաղվող ընկերությունը՝ «Ավետիս խեցի» ՍՊԸ-ն։
Ընկերությունը Բերքանուշի գյուղապետի հորը՝ Աշոտ Ավետիսյանին է պատկանում, մրցույթի բանակցություններին լիազորագրով մասնակցել է գյուղապետ որդին, որն այդ պահին արձակուրդ է վերցրել։
Հիշեցնենք, որ «Հանրային ծառայության մասին» օրենքը սահմանում է.
«Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները չեն կարող զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից»։
Ի դեպ, մրցույթի մասնակից հինգ ընկերություններից մեկը պատրաստվում է դատական կարգով վիճարկել մրցույթի արդյունքները։
Ասում են՝ վերջին շրջանում Արտաշատում ասֆալտապատման, ջրագծերի անցկացման ու այլ աշխատանքների համար հայտարարված մրցույթներին մասնակցում են տարբեր գյուղերի համայնքապետերի բարեկամների հիմնած ընկերությունները։
Ավելին, մրցույթային հանձնաժողովի նիստին մասնակցել ու, օդում կախված լուրերի համաձայն, ապագա հաղթողի մասին ցուցումներ է տվել նաև Արտաշատի քաղաքապետ Կառլեն Մկրտչյանը։
Մրցութային հանձնաժողովի քարտուղար Փայլակ Հակոբյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց՝ «Ավետիս խեցի» ՍՊԸ-ն է ամենացածր գինն առաջարկել, հերքեց դեմպինգի մասին պտտվող լուրերը։
Նա չի հերքում, որ մրցույթի հաղթողը Բերքանուշի գյուղապետի հայրն է, չի հերքում նաև Մկրտչյանի մասնակցությունը։
«Ընդամենն այդ սենյակում ենք արել, քաղաքապետը չի միջամտել բանակցություններին»,-ասաց նա։
Մինչդեռ, Panorama.am-ի ունեցած տեղեկություններով, քաղաքապետն ի սկզբանե ասել է, որ հաղթողը պետք է լինի «Ավետիս խեցի» ՍՊԸ-ն։
Հարցին, թե ինչպե՞ս է կարողացել Բերքանուշի գյուղապետի հայրը՝ Աշոտ Ավետիսյանը միանգամից նման հաջողության հասնել ու ձեռք գցել 21 շենքերի տանիքները փոխելու փողաբեր գործը։
«Իմ հաջողության գաղտնիքը իմ միտքի թելն է»,-ասաց Ավետիսյանը՝ երևի մոռանալով, որ մրցույթին իր մտքի թելը պետք չի եկել, որդին է մասնակցել։
Ավետիսյանն ասում է՝ անձամբ ինքը Արտաշատի քաղաքապետի հետ որևէ կապ չունի, բայց բնական է՝ որդին աշխատել է, հավատացնում է՝ ամեն ինչ եղել է արդար ու թափանցիկ։ Ի դեպ, բանկում երաշխիքով գրվադրվելիք գումարը, ինչպես Ավետիսյանն ասաց, չունի, պարտք է վերցնելու բանկից, անհատներից, ընկերներից։
Միաժամանակ նա չհերքեց Panorama.am-ի տեղեկությունները, որ գումարն իրեն տրամադրելու է մեկ մարդ։
Ի դեպ, մի քանի հարցից հետո թե հանձնաժողովի քարտուղարը, թե գյուղապետի հայրը ասացին զբաղված են, հետո կզանգահարեն։
Մրցույթում ՍՊԸ-ի հաղթելու գործոնների, աշխատանքի ընթացքի, որակի ու արդյունքների ուսումնասիրությամբ թերևս զբաղվեն իրավապահները։
Արտաշատի քաղաքապետ Կառլեն Մկրտչյանն է։