Ածխի վառարաններ և փայտագողեր. Եվրոպան պատրաստվում է ձմռանը
Ձմռան մոտենալուն զուգահեռ եվրոպացիներն ավելի ու ավելի են հուսահատվում, մի շարք շրջաններում արդեն վառելափայտի պակաս կա, նկատվում են նաև դրանց գողության դեպքեր, գրում է Washington Post-ը։
«Մեծ Բրիտանիայում փողի կարիք ունեցող բնակիչները լքում են իրենց ընտանի կենդանիներին, իսկ դպրոցները զգուշացնում են, որ էլեկտրաէներգիայի գների աճի պատճառով իրենք այլևս չեն կարող իրենց թույլ տալ նոր դասագրքեր գնել: Լեհաստանում պաշտոնյաներն արդեն մտածում են բազմակի օգտագործման ծխի դիմակներ բաժանելու մասին, քանի որ միանգամայն հավանական է, որ ձմռանը լեհերը ստիպված կլինեն աղբ վառել, որպեսզի տաքանան»,- ասվում է հոդվածում։
Եվրոպական մի քանի երկրներում արդեն նկատվում է «վերջին հույսի վառելիքի»՝ վառելափայտի դեֆիցիտ և գների սրընթաց աճ, գրում է նյութի հեղինակը: Միևնույն ժամանակ, համացանցում հայտնվում են կեղծ կայքեր, որտեղ խաբեբաները վաճառում են գոյություն չունեցող վառելափայտ:
Գերմանիան ամենաշատ տուժած երկրներից մեկն էր։ Մյունխենի բնակիչ Յորգ Մերտենսին շոկի մեջ է գցել էլեկտրաէներգիայի օգոստոսյան հաշիվը, որի գումարն աճել է 70%-ով։ «Վախենում եմ»,- խոստովանել է գերմանացին, ով ծանր հիվանդության պատճառով ստիպված է ապրել միայն թոշակով։
Մերտենսը նշել է, որ էլեկտրաէներգիայի և ջեռուցման վարձերը վճարելուց հետո իրեն կմնա ընդամենը մոտ 365 եվրո սննդի, դեղորայքի և ճանապարհորդության համար։
Այս իրավիճակում թոշակառուն ստիպված է ընտրել, թե ինչի վրա խնայի՝ սննդի, անձնական հիգիենայի միջոցների, թե ձմեռային կոշիկների։ «Երբ ես մտածում եմ այդ մասին, կարծես ջերմության ալիք է գալիս ինձ վրա, և ինձ դժվար է շնչել», - ավելացրել է նա:
Բեռլինում ծխնելույզ մաքրող Նորբերտ Շկրոբեկի ծառայություններն էլ կտրուկ աճել են, քանի որ գերմանացիները սկսել են վերանորոգել փայտի վառարանները։
Բեռլինցի գիտնական Վինցենս Շոնֆելդերը չափազանց դժգոհ է այն փաստից, որ Գերմանիան գտնվում է Վաշինգտոնի և Մոսկվայի միջև պայքարի էպիկենտրոնում։
«Պատժամիջոցները չեն օգնել վերջ դնել հակամարտությանը, դրանք չօգնեցին զգալիորեն թուլացնել Ռուսաստանը, բայց իսկապես ծանր հարված հասցրեցին Գերմանիային»,- ասել է գիտնականը։
Մինչդեռ ամերիկացիները, նկատել է Շոնֆելդերը, «տեղի ունեցածին հետևում են հարմարավետ հեռավորությունից»:
Արևմտյան երկրները բախվում են էներգակիրների գների աճի Մոսկվայի դեմ պատժամիջոցների սահմանման և ռուսական վառելիքից հրաժարվելու քաղաքականության պատճառով: Վառելիքի, առաջին հերթին գազի գնի բարձրացման ֆոնին, Եվրոպայում արդյունաբերությունը հիմնականում կորցրել է իր մրցակցային առավելությունները, ինչն ազդել է նաև տնտեսության այլ ոլորտների վրա։ Նաև ԱՄՆ-ում և եվրոպական երկրներում գնաճը ռեկորդային է տասնամյակների ընթացքում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան