ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կարևորել է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումը
Նյու Յորքում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կարևորել է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումը: Լուրը հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ին՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ին:
«Գլխավոր քարտուղարը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության կարգավորման և թուլացման գործընթաց»,-ասվումէ հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցների, ականանետերի, ԱԹՍ-ների, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, մասնավորապես հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Ջերմուկի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը ու սահմանամերձ բնակավայրերը, հարվածներ են հասցվել նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Սեպտեմբերի 19-ին ՀՀ Անվտանգության խորհրդի նիստում ընդունված հայտարարությունում ասվում է, որ զոհերի և անհայտ կորածների թիվը 207 է։ Զոհվածների թվում կա քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող։
Սեպտեմբերի 14-ի երեկոյան Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ը պատրաստ է ամեն ինչ անել Հայաստանի և Ադրբեջանի միջև տարաձայնությունները կարգավորելու համար. Բլինքեն
- Բլինկեն. ԱՄՆ-ն փորձում է կանխել հակամարտության տանող Բաքվի և Երևանի քայլերը