Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Սերգեյ Պուսկեպալիսը
Յարոսլավլի Ֆ.Վոլկովի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Պուսկեպալիսը մահացել է Յարոսլավլի մարզում դժբախտ պատահարի հետևանքով։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ Telegram-ում հայտնել է մարզի նահանգապետ Միխայիլ Էվրաևը։
«Շատ մեծ կորուստ. Սերգեյ Պուսկեպալիսը ողբերգական մահով մահացավ: Դժվար է հավատալ: Մենք նրան երեկ տեսանք: Նա, ինչպես միշտ, ժպտաց: Շատ դրական, շատ եռանդուն: Տաղանդավոր դերասան, ռեժիսոր և առաջնորդ: Իսկական հայրենասեր: Անարդար է, Վոլկովսկին որբացավ»,- գրել է շրջանի ղեկավարը։
Սերգեյ Պուսկեպալիսը ծնվել է 1966թ․-ին, Կուրսկում։ Նա Ռուսաստանի վաստակավոր արտիստ է(1999): Ավարտել է Սարատովի թատերական դպրոցը (Յուրի Կիսելյովի արվեստանոց): Ծառայել է ռազմա-ծովային նավատորմում, 1988-ին ստացել սերժանտի կոչում: Տասը տարի աշխատել է Սարատովի պատանի հանդիսատեսի թատրոնում: 2001-ին ավարտել է Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանը (Պյոտր Ֆոմենկոյի արվեստանոց): Ուսանելուն զուգահեռ ներկայացումներ է բեմադրել Սամարայի «Երկուշաբթի» թատրոնում: Ավարտելուց հետո ռեժիսորությամբ է զբաղվել Մոսկվայի Պյոտր Ֆոմենկոյի արվեստանոց-թատրոնում, Օլեգ Տաբակովի ստուդիայում և Օմսկի «Հինգերորդ թատրոնում»: 2003-07-ին եղել է Մագնիտոգորսկի Պուշկինի անվան դրամատիկական թատրոնի, 2009-11-ին՝ Յարոսլավլի Ֆյոդոր Վոլկովի անվան ակադեմիական դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսորը: 2003-ից սկսել է նկարահանվել ֆիլմերում: