Վ․ Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրենի պաշտոնում վերընտրվել է Արեգ Միքայելյանը
Սույն թվականի սեպտեմբերի 20-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրվել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Արեգ Միքայելյանը:Այս մասին հայտնում է ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժինը։
«Արեգ Միքայելյանը ներկայացրել է Բյուրականի աստղադիտարանի զարգացման ծրագիրը: Նա նշել է Բյուրականի աստղադիտարանի 2022-2030թթ., 2022-2040թթ. ռազմավարությունների մշակման անհրաժեշտության մասին, կարևորել միջճյուղային գիտությունների զարգացումը, ՀՀ ԳԱԱ ինստիտուտների և ԲՈՒՀ-երի հետ համագործակցությունը, միջազգային խոշոր ծրագրերին մասնակցությունը, երիտասարդ մասնագետների ներգրավումը:
Արեգ Միքայելյանը ծնվել է 1962թ.` Երևանում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը: Նրա գիտական նախասիրություններն են՝ աստղագիտական շրջահայություններ, ակտիվ գալակտիկաներ, բազմալիքային, օպտիկական, ենթակարմիր աստղագիտություն, սպիտակ թզուկ և պայթյունային փոփոխականներ, աստղագիտական տվյալների շտեմարաններ և վիրտուալ աստղադիտարաններ, աստղաինֆորմատիկա, տիեզերական աստղագիտություն, պատմամշակութային աստղագիտություն, աստղագիտական եզրաբանություն:
Արեգ Միքայելյանի տպագրած աշխատանքներն են՝ 156 հոդված գրախոսվող ամսագրերում, որից 67-ը՝ միջազգային, 15 հոդված գրքերում, 119 հոդված գիտաժողովի նյութերի ժողովածուներում, 22 էլեկտրոնային կատալոգ, 8 գիրք/գրքույկ, 12 գրքերի խմբագրում, 10 նախատիպ, գիտաժողովների 30 թեզիս, 14 գիտահանրամատչելի հոդված, 20 տեղեկատվական հոդված:
Արեգ Միքայելյանը ղեկավարել է ՀՀ Գիտության պետական կոմիտեի թեմատիկ, ANSEF, CRDF ARP1-2849-YE-06, ISTC A-1451, A-1606, CNRS, DFG, DAAD, NASA, COST, Erasmus + և այլ դրամաշնորհային ծրագրեր:
Արեգ Միքայելյանն անդամակցում է Միջազգային աստղագիտական միությանը (ՄԱՄ, IAU), Եվրոպական աստղագիտական ընկերությանը (EAS), Եվրոպական ֆիզիկոսների ընկերությանը (EPS), Եվրասիական աստղագիտական ընկերությանը (EAAS), «Եվրագիտություն» ընկերությանը (Euroscience), Ամերիկյան աստղագիտական ընկերությանը (AAS), Խաղաղօվկիանոսյան աստղագիտական ընկերությանը (ASP), Եվրոպական ֆիզիկական ընկերությանը (EPS), Վիրտուալ աստղադիտարանների ալյանսին (IVOA), Մոլորակային տվյալների միջազգային ալյանսին (IPDA), Աստղագիտությունը մշակույթում եվրոպական ընկերությանը (SEAC), Ժամանակակից աստղագիտության ընկերությանը (SoMA), Եվրոպական ենթատարածաշրջանային աստղագիտական խորհրդին (SREAC), «Տեղեկատվական տեսություններ և կիրառություններ» միջազգային գիտական ընկերությանը (ITHEA), «Գիտությունը և քաղաքակրթությունը Մետաքսե ճանապարհին» միջազգային ընկերությանը (ISSCSR), Հայկական ֆիզիկական ընկերությանը (APS), Հայկական աստղագիտական ընկերությանը (ArAS):
Արեգ Միքայելյանը 2020թ. արժանացել է ՀՀ նախագահի մրցանակի, 6 անգամ ճանաչվել է ՀՀ Կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեի «Արդյունավետ գիտաշխատող» մրցույթի հաղթող, 2019թ. ստացել է ՌԴ տուրիզմի միջազգային ակադեմիայի մեդալ, 2017թ.՝ «Տիգրան Մեծ» մեդալ: 2010թ. Արեգ Միքայելյանին շնորհվել է ՄԱՄ-ՅՈՒՆԵՍԿՕ հավաստագիր: 2005թ. արժանացել է Համաշխարհային գագաթնաժողովի էլեկտրոնային գիտության մրցանակի, Եվրասիական աստղագիտական ընկերության տարեկան մրցանակի»,- ասվում է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին