Նախադպրոցական կրթության չափորոշիչը փորձարկվելու է 60 հաստատություններում
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հրամանով՝ հաստատվել է 60 նախադպրոցական ուսումնական հաստատությունների ցանկը, որտեղ 2022-2023 ուսումնական տարում կիրականացվեն նախադպրոցական կրթական համալիր ծրագրերի փորձարկումները, որոնք մշակվել են՝ ըստ նախադպրոցական նոր չափորոշչի:Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Նշվում է, որ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը, որով սահմանվում են երեխաների ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը, կրթական ծրագրերի բովանդակությունը, երեխաներին ներկայացվող որակական պահանջները, նախադպրոցական տարիքի երեխաների կրթության և զարգացման վերջնարդյունքի ապահովման հիմքերը:
«Չափորոշչի հիմքում նախադպրոցական տարիքի երեխաների կարողունակությունների վրա հիմնված մոտեցումն Է, որը ներառում է ուսումնադաստիարակչական հիմնական բնագավառները, կրթական ծրագրի բաղադրիչները և դրանց սահմանման մանկավարժահոգեբանական սկզբունքները, երեխաների ուսումնական, խաղային բեռնվածության առավելագույն չափը կամ դրանց հարաբերակցությունը, երեխաների զարգացման ընթացքի և առաջադիմության մակարդակի դիտարկման ձևերը:
Համաձայն «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի` նախադպրոցական ուսումնական հաստատություններում աշխատող մասնագետները պետք է շարունակական վերապատրաստումներ անցնեն:
Այդ նպատակով «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի կողմից մշակվել են նաև վերանայված ծրագրերին համապատասխան վերապատրաստումների մոդուլներ: Հանրապետության նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների համար նշված մոդուլներով 2022 թ. օգոստոսին կազմակերպվել են վերապատրաստումներ»,- ասվում է հաղորդագրությունում: