Հայ-ադրբեջանական հակամարտությունը լուրջ ռիսկեր է ստեղծում Վրաստանի համար․Գոբրոնիձե
այ-ադրբեջանական սահմանի վերջին օրերի լարվածությունը, որ, կարծես, լայնամասշտաբ պատերազմի նախանշաններ է ցույց տալիս, միջազգային հանրության ուշադրությանն արժանացավ այնքանով, որ, ըստ տրված գնահատականների՝ Ադրբեջանը ագրեսիա է իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան և միջազգայնորեն ճանաչված սահմանների նկատմամբ: Այս ամենը, բնականաբար, անտարբերության չմատնեցին երկու երկրների բարեկամական և բարիդրացիական, բանակցային հարաբերությունների հարթակի դեր ստանձնել ցանկացող Վրաստանի իշխանությունները, քաղաքական դաշտը:
Միջազգային հարաբերությունների մասնագետ Գիորգի Գոբրոնիձեն «Ալիք Մեդիայի» հետ զրույցում, վերլուծելով վերջին իրողությունները, ասել է, որ հայ-ադրբեջանական լարվածության սրումն այս փուլում պայմանավորված էր մի քանի գործոնով.
«Նախ, պետք է նշել, որ ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, ինչպես և նախկինում, իրական խաղաղ գործընթաց չի եղել։ Ըստ այդմ, 2020 թվականին՝ ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, կարելի է ասել, որ հայ-ադրբեջանական հակամարտության պատմության նոր էջ է սկսվել։ Էջ, որտեղ Հայաստանը կորցրեց իր առավելությունը, և Ադրբեջանը կարողացավ վերահսկողություն հաստատել ինչպես Լեռնային Ղարաբաղի 25 տոկոսի, այնպես էլ նրան սահմանակից 7 շրջանների վրա։ Նույնքան պարզ էր, որ Բաքուն չէր բավարարվի վերոնշյալով, քանի որ Լեռնային Ղարաբաղի մնացած հատվածի նկատմամբ վերահսկողության վերականգնումը մնում էր Ադրբեջանի օրակարգում, և նրա համար կենսականորեն կարևոր է ուղղակի ցամաքային կապ հաստատել Ադրբեջանի մաս հանդիսացող Նախիջևանի հետ, որը սահմանակից է Թուրքիային»:
Գոբրոնիձեն նշել է, որ 2020 թվականի հայ-ադրբեջանական հակամարտությունն ավարտվեց Հայաստանի հարավում՝ Սյունիքի մարզում ադրբեջանական բեռների համար միջանցք բացելու համաձայնագրով, թեև կողմերի միջև բեռնափոխադրումների ռեժիմի մասին համաձայնագրի հարցը բարդացել է, քանի որ ադրբեջանական կողմը ցանկանում է, որ բեռներն անցնեն հայկական տարածքով դեպի Նախիջևան՝ առանց Հայաստանի միջամտության և ստուգման. սա այն է, ինչը Երևանը համարում է իր ինքնիշխանության ոտնահարում։
«Կարևոր է նաև հասկանալ, որ Ռուսաստանի ռազմական ներկայությունը Ղարաբաղում նույնպես անընդունելի էր Ադրբեջանի համար։ Դեռևս 90-ականներից Մոսկվան փորձում էր խաղաղապահ զորախումբ տեղակայել Լեռնային Ղարաբաղում, ինչին դեմ էր այն ժամանակվա Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը, հետևաբար` չնայած Ղարաբաղում ստատուս քվոն Ադրբեջանին եզակի շահեկան վիճակում էր դնում, այնուամենայնիվ անընդունելի էր պաշտոնական Բաքվի համար։ Հետևաբար, կարելի է ասել, որ հակամարտության վերսկսումը ժամանակի հարց էր»,- ասել է միջազգային հարաբերությունների մասնագետը:
Նրա խոսքով, ռուս-ուկրաինական պատերազմը Ադրբեջանին հնարավորություն տվեց այս պահին վերսկսել ռազմական գործողությունները և ընդլայնել իր տարածքը, հատկապես Ուկրաինայի արևելյան ճակատում վերջին օրերին գրանցված բեկումից հետո։ Ըստ նրա, Ռուսաստանի Դաշնությունը ստիպված էր իր ողջ ուժերը, միջոցները, ռեսուրսներն ուղղել մարտական գործողություններին, այսինքն` այս փուլում Հայաստանին ոչ միայն կենդանի ուժով, այլև սպառազինությամբ ու տեխնիկայով չէր կարող օգնել։
«Միաժամանակ, ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին Արևմուտքի ընդունած պատժամիջոցները չափազանց բարդացրին Ռուսաստանի և Եվրամիության հարաբերությունները, ինչը հանգեցրեց Ռուսաստանի Դաշնության կողմից էներգակիրների մատակարարման սահմանափակմանը։ Իր հերթին ԵՄ երկրները, հատկապես Գերմանիան, սկսեցին աշխատել բնական գազի մատակարարների դիվերսիֆիկացման ուղղությամբ, ինչը զգալիորեն մեծացրեց Ադրբեջանի դերն ու նշանակությունը Արևմուտքի աչքում։ Ըստ այդմ, ադրբեջանական քաղաքական վերնախավում կարծիք է ձևավորվել, որ Արևմուտքը խիստ քննադատաբար չի վերաբերվի Ադրբեջանին, հատկապես` Բաքվի նկատմամբ պատժամիջոցներ չի կիրառի»,- «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասել է Գոբրոնիձեն:
Ըստ Գոբրոնիձեի` այս տեսակետը հաստատում է այն փաստը, որ արևմտյան երկրների մեծ մասի համար Հայաստանն ընկալվում է որպես ռուսական ուղեծրի մի մաս, ռուսական ազդեցության բացառիկ գոտի, հետևաբար` հայկական պետության թուլացումը և նրա դեմ Ադրբեջանի գործողությունները կարելի է ներկայացնել որպես «Հարավային Կովկասում ռուսական թուլացած ուղեծրի ճեղքում»:
Գոբրոնիձեի խոսքով, հայ-ադրբեջանական հակամարտությունը լուրջ ռիսկեր է ստեղծում Վրաստանի համար:
«Սա, մի կողմից, էապես կխոչընդոտի տարածաշրջանի տնտեսական զարգացմանը, նաև կարող է բացասաբար ազդել նրա տարանցիկ ներուժի վրա, իսկ մյուս կողմից՝ այս փուլում Ադրբեջանի քաղաքական օրակարգի լիարժեք իրականացումը, ինչը ենթադրում է առնվազն Հայաստանի հարավում, այսպես կոչված` Զանգեզուրի միջանցքի վրա լիակատար վերահսկողության հաստատում, Վրաստանին, որը թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի գործընկերն է, յուրահատուկ ասիմետրիկ դրության մեջ կգցի։ Միաժամանակ, Հայաստանի և Ադրբեջանի հարավային սահմանի փոփոխությունը կսպառնա Վրաստանին հետաքրքրող ևս մեկ պոտենցիալ ուղի, որը Հայաստանի միջոցով կապում է Իրանի հետ և կարող է դառնալ այս երեք երկրների համար միջին և երկարաժամկետ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական նախագծերի հիմքը»,- ասել է մասնագետը:
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում