Թաթոյան. Բարեփոխելու փոխարեն իշխանությունը Ոստիկանությանը ծառայեցնում է իր քաղաքական շահերին
Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է.
«Այսօր առավոտյան զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ «Եռաբլուրում» Ոստիկանության «կարմիր բերետավոր» ծառայողների բացարձակ անթույլատրելի վերաբերմունքը ևս մեկ ապացույց է, որ մեր երկրում կա որոշում կայացնողների և կատարողների արժանապատվության ճգնաժամ:
Ծնողները Հայրենիքին տվել են ամենաթանկը և նրանց նկատմամբ վերաբերմունքը պետք է լինի ամենաբարձր երախտիքով` անկախ նրանց հայացքներից:
Տեղի ունեցածն ապացուցեց ևս մեկ անգամ, որ բարեփոխելու փոխարեն իշխանությունը Ոստիկանությանը ծառայեցնում է իր քաղաքական շահերին` դարձնելով այն այդ շահերի զոհը, հեղինակազրկելով Ոստիկանությանը և ձախողելով «բարեփոխումները»:
Օրենքներն անգամ ընդունվում են այնպես, որ դրանք ծառայեն ոչ թե իրավունքին, այլ քաղաքական հաշվարկներին:
Բազմիցս եմ ասել, որ Ոստիկանության բարեփոխումը միայն գեղեցիկ մեքենաներով ու համազգեստով չի որոշվում. անհրաժեշտ է իրական բարեփոխել Ոստիկանության հատկապես այն ծառայությունները, որոնք անմիջականորեն են մարդկանց հետ առնչվում:
Տեղի ունեցածն արժանապատվության, անձնական ազատության և մյուս սահմանադրական ու միջազգայնորեն երաշխավորված իրավունքների կոպիտ խախտումներ էր»։
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանություն. Ոստիկանության գործողություններն ուսումնասիրվում են
- Խմել են մեր տղաների արյունը, հիմա գալիս են «Եռաբլուր», որ ինչ անե՞ն, ուրախանա՞ն. զոհվածի մայր
- Եռաբլուրում նոր փոսեր են փորվում
- Եռաբլուրում ծնողները հեռացրեցին Նիկոլ Փաշինյանի, պաշտոնյաների անունից դրված ծաղկեպսակները
- Զոհված զինծառայողների՝ «Եռաբլուրից» բերման ենթարկված մայրերից 2-ն ունեն մարմնական վնասվածքներ. փաստաբան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան