Կարմիր բերետավորները բռնի ուժ կիրառելով «Եռաբլուր»-ից բերման ենթարկեցին զոհվածների հայրերին ու մայրերին
Կեսգիշերից «Եռաբլուր» զինվորական պանթեոնում են զոհված զինծառայողների ծնողները։ Նրանք այստեղ են, որպեսզի թույլ չտան Նիկոլ Փաշինյանին և այլ պաշտոնյաներին Անկախության տոնի առթիվ մտնել զինվորական պանթեոն:
«Եռաբլուր»-ում մեծ թվով ոստիկանական ուժեր են կուտակվել։ Կարմիր ու սև բերետավորներ շղթա են կազմել: Ծնողները բերետավորներին ասացին, որ չեն թողնելու Փաշինյանը չտնի «Եռաբլուր» և հորդորեցին ոստիկաններին հեռու մնալ իրենցից, սակայն բերետավորները սկսեցին քաշքշել ծնողներին։
«Ամոթ չունե՞ք»,- ասում էին զոհվածների հայրերը, երբ ոստիկանները բռնի ուժ կիրառեցին մայրերի նկատմամբ։ Իրավիճակը լարվեց, ոստիկանները առանց որևէ բառ ասելու սկսեցին բռնի ուժով բերման ենթարկել տարածքում գտնվող զոհվածների ծնողներին:
Բերետավորները տարածքից հեռացրեցին նաև լրագրողներին ու օպերատորներին՝ խոչընդոտելով նրանց աշխատանքը։
«Հատուկ միջոցառում է: Պետական պահպանության ծառայությունն է, ես ձեզ հրավիրում եմ ներքև»,- դիմելով լրագրողներին՝ ասաց քաղաքացիական հագուստով մի տղամարդ։
Panorama.am-ը կապ հաստատեց զոհված ծնողներից մեկի մայրիկի հետ։ Վերջինս ասաց, որ իրենց տեղափոխել են Մասիվի ոստիկանական բաժանմունք, իսկ զոհվածների հայրերին՝ Կենտրոնի։
Նա նաև նշեց, որ կարմիր բերետավորների գործողություններից վնասվել է իր ձեռքը։ «Նույնիսկ մեքենայի մեջ չէին հանգստանում, քաշքշում էին։ Իմ տղայի, իմ զոհված տղայի տարիքի էին,։ Զարմանում եմ, ի՞նչ դաստիարակություն են նրանք ստացել, ինչ մայրեր են նրանց ծնել, որ այսքան ատելություն կա մեջները», - ասաց նա։