ԳՇ պետի կողմից առաջնագծի վերաբերալ ներկայացրած իրավիճակից հետո իրադրության որևէ փոփոխություն տեղի չի ունեցել. ՊՆ խոսնակ
Ժամը 8.30-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չկա: «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը:
Հարցին՝ արդյոք Հայաստանի հետ սահմաններին թշնամին շարունակում է ուժեր կուտակել, իսկապե՞ս իրավիճակը ծայրահեղ լարված է, նա պատասխանեց. «Զինված ուժերը ողջ ծավալով կատարում են իրենց առջև դրված խնդիրը, աչալրջորեն իրականացնում պետական սահմանի և ինքնիշխան տարածքի պաշտպանության համար նախատեսված բոլոր խնդիրները»։
Զոհված զինծառայողների անուն-ազգանունները չհրապարակելու վերաբերյալ հարցին ի պատասխան Ա. Թորոսյանն ասաց. «ՊՆ-ն երբեք չի ասել, որ չի հրապարակելու: Մենք ասել ենք, որ առաջնորդվում ենք միայն ճշգրիտ, անսխալական տեղեկատվությամբ: Բոլոր անվանացուցակները հրապարակվելու են միայն վերջնական ճշգրտումից հետո»:
Հարցին՝ հաջողվե՞լ է ադրբեջանական խմբերին հեռացնել Ջերմուկի ուղղությամբ հայկական տարածքներից, ՊՆ խոսնակը պատասխանեց. «ԳՇ պետի կողմից առաջնագծի վերաբերալ ներկայացրած իրավիճակից հետո իրադրության որևէ փոփոխություն տեղի չի ունեցել»:
Անդրադառնալով դիրքային հնարավոր կորուստներին, ՊՆ խոսնակն ասաց. «Բոլոր տեսակի ճշգրտման աշխատանքներ են իրականացվում՝ և նյութական, և այլ: Կորուստների ճշգրտման աշխատանքներ են իրականացվում, այդ աշխատանքների լիարժեք ավարտին ՊՆ-ն ամփոփ տեղեկատվություն կտրամադրի»:
Ա. Թորոսյանն ասաց, որ երեկ Ներքին Հանդի ուղղությամբ եղած կրակոցների հետևանքով որպես այդպիսին որևէ վնաս արձանագրված չէ։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցների, ականանետերի, ԱԹՍ-ների, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, մասնավորապես հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Ջերմուկի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը ու սահմանամերձ բնակավայրերը, հարվածներ են հասցվել նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին։
Սեպտեմբերի 14-ի երեկոյան Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։
ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը սեպտեմբերի 16-ին հայտարարել է, որ Ադրբեջանի զինված խմբերը գտնվում են Ջերմուկ քաղաքի մատույցներից 4,5 կմ. հեռավորության վրա. «Այս ուղղությամբ հակառակորդն իր հարձակողական գործողությունների արդյունքում ունեցել է որոշակի հաջողություններ և մխրճվել Հայաստանի ինքնիշխան տարածք 8,5 կիլոմետր լայնությամբ ճակատով՝ մինչև 7,5 կիլոմետր խորությամբ։
Մյուս ուղղություններում, առկա էր 5 ուղղություն, հակառակորդի զինված ուժերի ստորաբաժանումների հաջողությունները չի կարող համեմատվել Ջերմուկի ուղղությամբ նրանց մխրճման խորությունների հետ։
Սակայն կան այլ ուղղություններում 1-1,5-2 կմ մխրճման խորություններ. Ներքին Հանդի ուղղությամբ, որոշակի դիրքային առավելություն ձեռք է բերել Շորժայի ուղղությամբ, Իշխանասարի ուղղությամբ մոտ կես կիլոմետր խորությամբ հաջողություն է ունեցել»։
Նա նաև ասել էր. «Ջերմուկի մատույցներում գտնվում է մխրճում կատարած միայն մի խումբ՝ կտրված իր ստորաբաժանումներից։ Այն գտնվում է բլրի վրա։ Կենսունակության տեսակետից, եթե 10-12 հոգանոց խմբի ջրի, սննդի սնուցում չլինի, ապա մի քանի օրվա ընթացքում դրանց ռեսուրսները կսպառվեն, ստիպված կլինեն այնտեղից դուրս գալ»։
Հարակից հրապարակումներ`
- Այսօր Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները խախտել են հրադադարի ռեժիմը. ՊՆ
- Ջերմուկում զննվել է թշնամու հրետակոծության հետևանքով հրդեհված 7 հեկտար անտառային տարածք
- Սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել. ՊՆ
- Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 32 զինծառայողի դի. ՊՆ «Արմենպրես»
- Եթե որևէ ձևաչափով բանակին աջակցելու ցանկությունը մեծ է, անհրաժեշտ է գործընթացը կազմակերպել և իրականացնել ՊՆ հետ
- ԳԴՀ նորանշանակ փոխդեսպանը ցնցված է ավերածությունների այն պատկերներից, որ տեսել է Ջերմուկում
- ԶՈւ ԳՇ պետ. Վախենալու, հուսահատվելու որևէ բան չկա
- Այս պահին չի շիջվել Ջերմուկի մի ծխացող տարածքը, քանի որ դիտարկվում է թշնամու կողմից.ԱԻՆ փոխնախարար
- Այս պահին Ջերմուկի վտանգավոր գոտում քաղաքացիական անձինք չկան. մարզպետ
- Ադրբեջանի զինված խմբերը գտնվում են Ջերմուկ քաղաքի մատույցներից 4,5 կմ. հեռավորության վրա. ԶՈւ ԳՇ պետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան