Իրանում գրանցված 7 բալանոց երկրաշարժը զգացվել է Սյունիքում, Երևանում, Արցախում
Սեպտեմբերի 21-ին, տեղական ժամանակվ ժամը 21:57-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 17:57-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38․50⁰ և արևելյան երկայնության 45․18⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրանի Իսլամական Հանրապետության Խոյ քաղաքից 19 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 5․4 մագնիտուդով երկրաշարժ:
ԱԻ նախարարության հաղորդմամբ, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ:
Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Կապան, Սիսիան և Մեղրի քաղաքներում՝ 4-5 բալ, Արարատի մարզի Արարատ քաղաքում՝ 2-3 բալ, Երևան քաղաքում և Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում՝ 2 բալ ուժգնությամբ։
Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ Իրանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Արցախի մայրաքաղաքում։