Գրքի երևանյան փառատոն. Շնորհանդեսներ, գրական հանդիպումներ, ընթերցումներ
Գրքի երևանյան հինգերորդ փառատոնը տեղի կունենա սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը «Առնո Բաբաջանյան» համերգասրահում։
Փառատոնի շրջանակում նախատեսված են շուրջ 60 միջոցառումներ։ Գրքի երևանյան փառատոնին կմասնակցեն անվանի գրողներ Իտալիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Սլովենիայից, Կիպրոսից: Նրանց թվում են Եվգենի Վոդոլազկինը, Ալեքսեյ Սալնիկովը, Կլաուդիո Պոցցանին, Մաքսիմ Ամելինը, Մայա Կուչերսկայան, Մարտին Սոլոտրուկը, Շալվա Բակուրաձեն, Լիլի Միխաիլիդիսը և տասնյակ ուրիշներ։
«Book fest»-ի շրջանակում կկայանա բացառիկ զեղչով գրքի տոնավաճառ, գրական հանդիպումներ, վարպետության դասեր, ընթերցումներ, շնորհանդեսներ, գրական մրցանակաբաշխություն:
Բացի «Առնո Բաբաջանյան» համերգասրահից, համաժամանակյա միջոցառումներ են նախատեսված նաև Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում, Եղիշե Չարենցի տուն-թանգարանում, Ռուսական արվեստի թանգարանում, Հայաստանի ազգային գրադարանում, Երևանի պետական համալսարանում, Հայ-ռուսական սլավոնական համալսարանում, «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանում, «Զանգակ» գրատանը:
Գրքի երևանյան հինգերորդ փառատոնի կազմակերպիչը Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանն է:
Փառատոնն այս տարի նվիրված է բանաստեղծ Վահագն Դավթյանի 100-ամյակին:
Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է։
Փառատոնի ծրագրին կարելի է ծանոթանալ՝ այստեղ։