Բերձորցիները մեծ մասը բնակություն են հաստատել Հայաստանում. Նարեկ Ալեքսանյան
Գրեթե մեկ ամիս է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքը հանձնվել է Ադրբեջանին։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն երեկ արդեն Բերձորում էր, որտեղից Հայաստանին սպառնում էր։
Բերձոր քաղաքը մինչև 2020 թվականի 44-օրյա պատերազմն ունեցել է 2000 բնակիչ, իսկ դրանից հետո՝ շուրջ 170 բնակիչ։ Նրանք էլ մինչև 2022 թ. օգոստոսի 25-ն են տարհանվել։
Panorama.am-ի հետ զրույցում Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանն ասաց, որ բնակչության մեծ մասը տեղափոխվել է Հայաստան, հիմնականում Սյունիք, մի քանի ընտանիք է մնացել Արցախի Հանրապետությունում։
«Ովքեր Արցախում են մնացել, հիմնականում տեղավորվել են հյուրանոցներում մինչև պատրաստ կլինի բնակարանային ֆոնդ, ովքեր Հայաստանում են, վարձով բնակարաններում են մնում՝ 2020 թվականի դեկտեմբերի 1-ին տեղահանված բնակչության նույն կարգավիճակով»,- նշեց նա։
Ինչ վերաբերում է աշխատանքով ապահովելուն, Ն. Ալեքսանյանի խոսքով, Հայաստանում, Արցախում ժամանակ առ ժամանակ հրապարակվում են թափուր աշխատատեղերը, անձը պետք է հասկանա, ինչքանով են դրանք իրեն համապատասխանում, նույնը մասնավոր հատվածի դեպքում։
«Աշխատանքի տեղավորման պետական միջոցառում, որպես այդպիսին, բնականաբար, չեմ պատկերացնում՝ ինչպես պետք է դա լինի»,- ասաց նա։
Նարեկ Ալեքսանյանի բնակության վայրն այժմ Հայաստանի Վայք քաղաքն է։ Նա նշեց, որ այս պահին Ստեփանակերտում է, հաճախ լինում է նաև Երևանում, քանի որ ինչպես մնացած համայնքների ղեկավարներն իրենց աշխատակազմերով, այնպես էլ ինքը, շարունակում են կատարել իրենց պարտականությունները, բնականաբար, ոչ կանոնավար կարգավիճակով։
«Ճիշտ է, որպես այդպիսին, համայնք չկա, բայց համայնքի ղեկավարը համայնքի բնակչության սպասարկում պետք է իրականացնի, և այս բարդ իրավիճակում փորձում ենք հնարավորինս արդյունավետ կատարել»,- ասաց Ն. Ալեքսանյանը։
Հիշեցնենք, որ Բերձորի հայաթափումը, ինչպես շատ այլ բնակավայրերի հանձնում, որևէ կերպ չկար 2020 թվի նոյեմբերի 9-ի Եռակողմ համաձայնագրում։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանցիներն արդեն բնակեցնում են Բերձորը, Սուսն ու Աղավնոն
- Դեպի Արցախ՝ շրջանցելով Բերձոր քաղաքը
- Իմ հայրենի Բերձորը իմ տնով ու տեղով վերջնականապես հանձնվեց թուրքին․ Վարուժան Գեղամյան
- Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհահատվածը կգործի մինչև օգոստոսի 31-ը ներառյալ
- ԱՀ ԿԳՄՍՆ. Բերձոր, Ներքին Սուս և Աղավնո բնակավայրերում ավարտվել է հուշարձանների տարհանումը
- Ալիևն ու կինը տոնում են Բերձորի «գրավումը»
- Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցում Սուրբ և Անմահ Պատարագ է մատուցվել
- Ալիևը հրահանգել է՝ Բերձորը, Սուսն ու Աղավնոն բնակեցնել ադրբեջանցիներով
- Բերձորի, Աղավնոյի և Սուսի բնակիչները, որոնք ստիպված են լքել իրենց տները, կարող են դիմել ՄԻԵԴ. Ալվինա Գյուլումյան