Նկարիչների միությունում բացվեց Արամ Իսաբեկյանի 70-ամյակին նվիրված ցուցահանդես
Ուսուցիչ, վարպետ, մտածող, որ նաև ստեղծագործում է, ճանաչում է բնությունը, մարդուն, բնավորությունը՝ համարձակորեն թողնելով կտավի վրա այն, ինչ զգում է։ Նրա յուրաքանչյուր կտավ առանձին պատմություն է։ Այսպես է նկարագրում արվեստաբան Օսյա Քարամյանը Հայաստանի ժողովրդական նկարիչ, Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր, պրոֆեսոր Արամ Իսաբեկյանին։
Հայաստանի Նկարիչների միությունում այսօր բացվեց Արամ Իսաբեկյանի 70-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդես։
Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանն ասաց, որ ցուցահանդեսում ներկայացված ստեղծագործությունները պատմում են Արամ Իսաբեկյանի անցած ուղին։
«Այս օրերին կարող է մի քիչ տարօրինակ թվալ, թե հնարավո՞ր է իրականացնել մշակութային ինչ-որ միջոցառում։ Այո, շատ դժվար է, դժվար է խոսքեր, ուժ գտնել քո մեջ, բայց հատկապես այս օրերին շատ անհրաժեշտ են նման ցուցահանդեսները, միջոցառումները, քանի որ արվեստի միջոցով կարողանում ենք մի պահ արվեստասեր հասարակությանը կտրել իրականությունից, բերել մի դաշտ, որտեղ միայն սեր է, խաղաղություն է, մարդ կարողանում է ապրել։ Իսկ Իսաբեկյանի ստեղծագործություններն այդ ամենը տալիս են հանդիսատեսին»,- ասաց Ս.Սաֆարյանը։
Ցուցահանդեսի համադրող Օսյա Քարամյանի խոսքով, գրեթե բոլորն են ծանոթ Իսաբեկյանի հզոր վրձնին իր բազմաժանր ասելիքով, սակայն առանձնացրեց Իսաբեկյան-ուսուցիչ կերպարը։ Նրա գնահատմամբ, դա ավելի բարձր կոչում է, մարդ, ով տասնամյակներով կրթել է սերունդներ, թև ու թիկունք է եղել սերունդներին, և նույն ոգևորությամբ, ավյունով շարունակում է։
«Շատ էի ուզում, որ այս ցուցահանդեսի խորագիրը լիներ յոթ տասնամյակ։ Կարելի է ասել՝ Արամ Իսաբեկյանը ստեղծագործում է յոթ տասնամյակ։ Լինելով երկու հզոր նկարիչների՝ Արփենիկ Նալբանդյանի և Էդուարդ Իսաբեկյանի զավակը, կարողացավ ստեղծել իր ձեռագիրը։
Սովորաբար ժառանգների համար միշտ ավելի դժվար է։ Նա շատ համարձակ է, ստեղծեց իր ասելիքը, իր դիպուկ ասելիքը, ամենակարևորը՝ երբևէ չի վախենում փոփոխություններից։ Միշտ կտավին է հանձնում այն, ինչ զգում է, իր կտավների միջոցով տեսնում ես, թե ինչպես է շունչ տալիս ամեն մի իրի, բնությանը, մարդուն, բնավորությանը։ Իսաբեկյանի կտավներում հրաշալի երևում է իր տրամադրության փոփոխությանները, տրամադրության ներդաշնակությունը։
Իսաբեկյանն այսօր ստեղծագործում է աբստրակտ ոճով, որը շատ մեծ ռիսկ է։
Հստակ եմ ասում՝ նա միշտ փնտրում է չարի նկատմամբ բարու հաղթանակը, փնտրում է գեղեցիկը։ Գտել է միշտ ու գտնելու է։ Գեղեցիկը, բարին հաղթում են նրա արվեստում»,- ասաց Օսյա Քարամյանը։
ՀՀ ժողովրդական նկարիչ Արամ Իսաբեկյանը խոստովանեց՝ չի պատկերացնում իր կյանքն առանց նկարելու։ Մշտապես աշխատում է գտնել նոր բաներ, անել այն, ինչ հարմար է իրեն այդ պահին, դրանով ավելի ոգևորված է։
Ցուցահանդեսում ներկայացված են տարբեր տարիների, տարբեր ոճերով արված աշխատանքներ։
«Իմ արվեստը կարող ենք բաժանել մի քանի մասերի՝ մինչև անկախությունը, անկախության շրջան, այս վերջին տարիներին ստեղծած գործեր՝ մեր երկիրն իր դժբախտություններով, տխրությամբ, ուրախությամբ։ Լինելով զգայուն մարդ՝ միշտ անդրադարձել եմ այն փոփոխություններին, ինչ կատարվել է իմ շրջապատում, աշխարհում։ Վերջին այս չորս տարին ինչ-որ փոփոխություն եղավ մեջս, սկսեցի ավելի շատ աբստրակտ ուղղությամբ աշխատանքներ կատարել։
Վերջին երկու տարվա աշխատանքներս ավելի պայծառ գույներով են, ավելի բարի ու կամեցող են, չնայած ունենք տխրելու, մտածելու առիթներ։ Տուրքը տվել եմ նման նկարներին»,- նշեց Իսաբեկյանը։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ասաց, որ ի դեմս Իսաբեկյանի, գործ ունեն շատ ինքնատիպ արվեստագետի, ինքնատիպ անհատի հետ, ում վաստակն անգնահատելի է նաև երիտասարդ սերնդի մասնագիտական կրթության, ճաշակի ձևավորման մեջ։
Ա. Խզմալյանը Արամ Իսաբեկյանի 70-ամյակի առիթով նրան փոխանցեց ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալը։
Նշենք, որ ցուցահանդեսը բաց է մինչև սեպտեմբերի 29-ը ներառյալ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան