«Մեծամոր» հնավայրում հայտնաբերել են բացառիկ գտածոներ
ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային հուշարձանների և պատմական միջավայրի պահպանություն» ծառայության ՊՈԱԿ-ի արշավախումբը (արշավախմբի ղեկավար՝ դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյան) «Մեծամոր» հնավայրի տարածքում 2022 թ. սեպտեմբերին մեկնարկած պեղաշրջանի ընթացքում հայտնաբերել է բացառիկ գտածոներ:
ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ դամբարանադաշտում պեղումները կենտրոնացել են N 22 դամբարանից հարավ-արևելք տեղակայված N 23 դամբարանում: Այն (2.50 x 2.10 մ) անխաթար վիճակում մեզ հասած դամբարան է՝ ծածկված միջին չափի քարերից կազմված զրահով։ Դրա տակ բացվել է միջին ու մեծ քարերից շարված դամբարանախուցը (2.50 x 2.10 մ)՝ արևելք-արևմուտք կողմնորոշմամբ։ Դամբարանում, փայտե դիապատգարակին կծկված վիճակում, կոնքոսկրերի հատվածում մեկը մյուսի վրա տեղակայված էին երկու անհատներ, որոնցից մեկի վերին կմախքը՝ ձախ, իսկ ստորինը՝ աջ կողքին: Անհատների հետ նույն մակարդակի վրա բացվել են 10 ամբողջական խեցանոթներ, որոնց մի մասը տեղադրված էր դիապատգարակի տակ:
Ստորին շերտում բացվել են ևս 8 ամբողջական անոթներ, որոնցից բացառիկ է կապտականաչավուն ջնարակապատ փոքրիկ սրվակը՝ իրանի վերին հատվածում պահպանված 2 միջանցիկ անցքերով: Անհատների պարանոցի և կրծքավանդակի շրջանները զարդարված էին ոսկուց, սարդիոնից, սաթից, անագից պատրաստված տարատեսակ ուլունքահատիկներով (գլանաձև, գնդաձև, ֆիլիգրան, հատիկազարդ, անվաձև), բաժանարարներով, կախազարդերով: Անհատներից մեկի նախաբազկի ոսկրերին առկա էին բրոնզից ապարանջաններ, որովայնի հատվածում՝ անագից ճարմանդներ:
N 2 կմախքի ձեռնաթաթի հատվածում առկա էր անագե բարակ լարից մատանի: Նախնական ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ անհատներն արական և իգական սեռի են: Դամբարանում առկա հնագիտական նյութի նախնական ուսումնասիրությունը թույլ է տալիս դամբարանը թվագրել մ.թ.ա. 2-րդ հազարամյակի վերջին քառորդով։
«Մեծամոր» հնավայրի տարածքում պեղումներն իրականացնում է հայ-լեհական արշավախումբը (լեհական արշավախմբի համաղեկավարը Վարշավայի համալսարանի Հնագիտության ինստիտուտի տնօրեն, դոկտոր, պրոֆեսոր Քշիշտուֆ Յակուբյակ): Հնագիտական աշխատանքներն իրականացվել են երկու տեղամասերում՝ միջնաբերդից արևելք տեղակայված քաղաքային թաղամասում և դամբարանադաշտի հատվածում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան