Ֆրանսիայի Սենատում ներկայացվել է «Լեռնային Ղարաբաղ. Սև գիրք» աշխատությունը
Ֆրանսիայի Սենատի նախագահական ընդունելությունների սրահում Սենատի՝ Լեռնային Ղարաբաղի հարցով միջազգային տեղեկատվական խմբի նախագահ, սենատոր Բրունո Ռըտայոյի և Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ սեպտեմբերի 20-ին տեղի է ունեցել Արցախին նվիրված համաժողով, որի ընթացքում ներկայացվել է «Լեռնային Ղարաբաղ. Սև գիրք» կոլեկտիվ աշխատությունը։ Միջոցառումը տեղի է ունեցել Սենատի նախագահ Ժերար Լարշեի բարձ հովանու ներքո։ Այս մասին տեղեկանում ենք Ֆրանսիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից։
Համաժողովին բացման խոսքով հանդես է եկել սենատոր Բրունո Ռըտայոն, ով համերաշխություն է հայտնել Արցախի Հանրապետությանը, ինչպես նաև Հայաստանին՝ մասնավորապես դատապարտելով Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի վերջին ագրեսիան և ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները, ինչպես նաև ընդգծելով Ֆրանսիայի և Եվրոպայի՝ Հայաստանին աջակցության հրատապ անհրաժեշտությունը։
Այնուհետև տեղի է ունեցել կլոր-սեղան քննարկում՝ «Լեռնային Ղարաբաղ. Սև գիրք» աշխատության հեղինակների մասնակցությամբ։
Միջոցառմանը եզրափակիչ ելույթներով հանդես են եկել Ֆրանսիայում Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը և Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։ Վերջինս իր խոսքում շնորհակալություն է հայտնել սենատոր Ռըտայոյին՝ համաժողովը կյանքի կոչելու և Հայաստանին ու Արցախին համերաշխության ուղերձ հղելու համար։ Դեսպանն ընդգծել է այս դժվար պահին միջազգային հանրության՝ Հայաստանի ու Արցախի կողքին լինելու և Ադրբեջանի ագրեսիվ նկրտումներին վճռական կերպով հակազդելու հրատապ անհրաժեշտությունը։
«Լեռնային Ղարաբաղ. Սև գիրք» աշխատությունը լույս է տեսել Փարիզում հայտնի ֆրանսիացի հետազոտող Էրիկ Դընեսեի և ֆրանսահայ քաղաքագետ, արևելագետ Տիգրան Եգավյանի խմբագրությամբ։ Այս հիմնարար ու համապարփակ աշխատությունն իր մեջ ներառում է բազմաթիվ ականավոր ֆրանսիացի քաղաքագետների, հետազոտողների, լրագրողների, ինչպես նաև մի շարք քաղաքական առաջնորդների և հայտնի հանրային ու հոգևոր գործիչների անդրադարձը 2020 թվականի պատերազմին, դրա հետևանքներին և Լեռնային Ղարաբաղի շուրջ միջազգային իրադրությանը։ Ծավալուն աշխատության մեջ վերլուծության է ենթարկվում Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմը, մատնանշվում ադրբեջանական կողմի հանցանքները, անդրադարձ կատարվում Ֆրանսիայի և միջազգային հանրության արձագանքին։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին