Այս իշխանությունները Հայաստանը պաշտպանելու նպատակ չունեն. Կարեն Վրթանեսյան
Թեև պաշտոնապես հրադադար է հայտարարված, բայց գրեթե ամեն օր թշնամու ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացում հայ-ադրբեջանական սահմանի հայկական դիրքերի ուղղությամբ: Պաշտոնյաները հայտարարում են՝ տեղեկություններ կան, որ Ադրբեջանը ծրագրում է հերթական հարձակումը՝ Նախիջևանի ուղղությամբ։ Նման պայմաններում իր երկրի, իր ժողովրդի մասին իսկապես մտածող իշխանության քայլերը պարզ է, թե ինչ պետք է լինի՝ պատրաստվել այդ պատերազմին։ Իսկ արդյո՞ք Հայաստանի գործող իշխանությունները պատրաստվում են թշնամու կողմից ծրագրվող պատերազմին։
Panorama.am-ը զրուցել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի հետ՝ հնարավոր պատերազմի, գործող իշխանության քայլերի կամ՝ հակաքայլերի մասին։
Panorama.am-Ռուս-ուկրաինական պատերազմը շարունակվում է, Ռուսաստանում հայտարարված է մոբիլիզացիա։ Արդյոք այս ամենը հետևանք, ազդեցություն կարող է ունենալ հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի վրա, արդյոք Ռուսաստանը կարող է որևէ կերպ միջամտել իրավիճակի սրման դեպքում։
Կարեն Վրթանեսյան-Այս պահին զարգացումներ կանխատեսելը շատ անշնորհակալ գործ է։ Զարգացումներ՝ նկատի ունեմ կոնկրետ Ռուսաստանը կխառնվի, թե չի խառնվի։
Այն, ինչ կատարվում է այսօր, կանխատեսելի էր ու կանխատեսվել է դեռ 2021 թվականի փետրվար-մարտին։ Ես խոսել եմ այդ մասին, որ Ուկրաինայում պատերազմ է եփվում ու եթե պատերազմ սկսվի, Ռուսաստանն այդ պատերազմի մեջ խրվի, ինչ է լինելու միայն ռուս խաղաղապահների վրա հույս դրած Հայաստանի անվտանգության վիճակը։
Այս խնդիրները, որոնք այսօր կան ու ներկայացվում են անսպասելի, ֆանտաստիկ մի բան, որ ընկել է Հայաստանի «խեղճ իշխանությունների գլխին», այդ ամեն ինչը վաղուց շատ կանխատեսելի էր, հասկանալի էր, որ շատ լուրջ ու իրական, մոտալուտ նման ռիսկ կա և այդպես էլ եղավ։ Եթե Հայաստանի ներկայիս իշխանություններն իսկապես ներկայացնեին հայկական շահը, իրենք առաջին հերթին նոյեմբերի 9-ից սկսած պետք է արագորեն վերազինեին բանակը, ուշքի բերեին պարտություն կրած բանակին, ոչ մի դեպքում չպետք է հանձնվեին ռազմավարական մեր դիրքերը, առավել ևս բանավոր պայմանավորվածությամբ, օրինակ, հանձնվել է Իրանի հետ մեզ կապող ռազմավարական նշանակության ճանապարհը, Նիկոլ Փաշինյանի խոստովանությամբ՝ բանավոր պայմանավորվածությամբ հանձնվել է Սյունիքը պաշտպանող դիրքերը, բարձունքները։
Որևէ բան չի արվել, ընդհակառակն ամեն ինչ արվել է մեր դիրքերը թուլացնելու համար։
Հիշենք անցած տարվա մայիսի իրադարձությունները, երբ թշնամին ներխուժեց Հայաստանի Հանրապետության տարածք, ամենակարևոր իր առաջխաղացումները եղել են առանց գեթ մեկ կրակոցի։ Հայկական իշխանությունները, Նիկոլ Փաշինյանը զգուշացված լինելով, որ թշնամին ինչ-որ բան է պատրաստում այդ ուղղությամբ, որևէ արձագանք չեղավ դրան, որևէ բան չուժեղացվեց և առանց մեկ կրակոցի թշնամին եկավ, նստեց Սև լճում և այլն։
Ընդհակառակը, իշխանական քարոզչական համակարգը լծվում է ապացուցելու, որ որևէ խնդիր չկա։ Հետո հայտարարում են՝ թշնամին գրավել է, օկուպացրել է։ Երբ զգուշանում էին, ու երբ հնարավոր էր դա կանգնեցնել, ինչո՞ւ որևէ բան չէր արվում։ Հետո նշանակեցին, գտան մեղավորին՝ ՀԱՊԿ-ին։
Այսինքն, ենթադրվում է՝ Հայաստանը ներկայացնող իբր իշխանությունը ոչ մի բան չպետք է անի, իսկ ՀԱՊԿ-ը պետք է լծվի Հայաստանի շահերի պաշտպանությանը, մի կողմից Հայաստանն ասի՝ մենք ոչ մի բան չենք անում, չենք կրակում, միայն բանակցում ենք, իսկ ՀԱՊԿ-ը պետք է զորք բերի՞ ու կռվի՞ հայկական հողի համար։
Այն, ինչ հիմա կատարվում է Ռուսաստանում, Ուկրաինայում ու դրանից բխող բոլոր վատ հետևանքները մեզ համար, այդ բոլորը կանխատեսելի էին դեռ շատ վաղուց, կանխատեսվել են, դրանց մասին հրապարակային հայտարարվել են։ Գաղտնի չի եղել, բոլորը տեղյակ էին, միայն մեր իշխանությունն իբր անտեղյակ էր։
Հիմա, երբ փորձում են արդարանալ, թե զենք չկա, որ առնենք, շատ դժվար է զենք գնել, պարզ է՝ երբ այս մասշտաբի կռիվ է լինում, ամբողջ աշխարհում էլ սկսվում է զենքի դեֆիցիտ, դրա համար դա պետք է արվեր վաղուց՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ից սկսած։
Փորձագետները, քաղաքական գործիչները շատ լավ հասկանալով, որ այսպիսի կոնֆիգուրացիայով սահման ունենալը ինչ է նշանակում անվտանգության տեսակետից, այդ ամեն ինչի մասին զգուշացրել են՝ բաց, հրապարակային։ Որևէ բան այս իշխանությունները չեն ձեռնարկել, ընդհակառակը՝ արել են ճիշտ հակառակը. օրինակ, բանակը ուժեղացնելու փոխարեն, ըստ էության, կազմաքանդել են, ողջ սպայակազմն առավոտից երեկո հարցաքննությունների էր, մեկ ձերբակալում էին, մեկ բաց էին թողնում։ Մինչ օրս կրկնվում է։ Այդ ամեն ինչն ուղղված էր բանակը քանդելուն։ Այլևս չեմ հավատում, որ սա միտումնավոր չէ արված, ու ես տեսնում եմ, որ այս իշխանությունները սպասարկում են Թուրքիայի և Ադրբեջանի շահերը Հայաստանում, ըստ էության, իրենց նպատակը Հայաստանին հնարավորինս անպատրաստ պահելն է Ադրբեջանի հաջորդ ագրեսիաների դիմաց։ Ադրբեջանն էլ, բնականաբար, դրանից օգտվում է։
Panorama.am-Ադրբեջանը հրադադարի ռեժիմը պարբերաբար խախտում է, պաշտոնյաները հայտարարում են նոր պատերազմի հնարավորության մասին։ Ո՞րը պետք է լինի այս իշխանության անելիքը։
Կարեն Վրթանեսյան-Խնդիրը ոչ թե այն է, որ իրենք չգիտեն՝ ինչ պետք է անել, այլ իրենք անում են ճիշտ հակառակն այն բանի, ինչ պետք է արվեր։ Դա է խնդիրը։ Քանի դեռ այս իշխանություններն են ներկայացնում Հայաստանը, քանի այս իշխանություններն են որոշումներ կայացնում Հայաստանի անունից, մենք անընդհատ գնալու ենք նոր պարտությունների։ Այլ տարբերակ չկա։ Անհնարին է։ Այս իշխանությունները Հայաստանը պաշտպանելու նպատակ չունեն։
Այո, նոր պատերազմ հնարավոր է ու մտավախություն ունեմ, որ իրենք այս քաոսը ստեղծում են, որպեսզի հերթական ահռելի կորուստներից հետո ասեն՝ ժողովուրդ ջան ինչ արած, ստիպված ենք, օրինակ, հանձնել Սյունիքը կամ Ջերմուկը կամ ինչ-որ բարձունք։
Այս ֆոնին Ադրբեջանը ծայրահեղ լկտիացել է, արդեն բացահայտ ամենաբարձր մակարդակով հավակնությունները չի էլ թաքցնում Հայաստանի Հանրապետության տարածքի հանդեպ, ծաղրում են, ասում՝ եթե ձեր սահմանն է, ինչու չեք պաշտպանում։ Ըստ էության, չկա ինչ-որ մի կետ, որտեղ ադրբեջանցին կշտանալու է ու կանգնի։ Մինչ մենք չենք պաշտպանում, իրենք առաջ են գնում, իսկ այս իշխանություններն ամեն ինչ անելու են, որ մենք չկարողանանք պաշտպանվել։
Panorama.am-Իրանը զպող դեր կարո՞ղ է խաղալ Ադրբեջանի համար՝ հաշվի առնելով իրանցի պաշտոնյաների, նախագահի հայտարարությունները, որ պետությունների տարածքային ամբողջականության և տարածաշրջանում սահմանների փոփոխությունն անթույլատրելի է, Իրանը չի հանդուրժի տարածաշրջանում սահմանների ոչ մի փոփոխություն։
Կարեն Վրթանեսյան-Սահմանների փոփոխություններն արվում են զենքով և ոչ թե հայտարարություններով։ Իրանի շահերից է բխում այդ հայտարարություններն անելը։ Իրանը կմտնի՞ պատերազմի մի երկիր, որը որևէ կերպ իրեն օգնության չի դիմում։ Չի մտնի։ Մենք հիմա փորձում ենք փրփուրներից կախվել՝ փրկություն ենք փնտրում Փելոսիի գրկում, ՀԱՊԿ-ում, Պուտինի հայացքում, Իրանի այս կամ այն խոսքերում։ Չկա այդպիսի բան։ Մենք կարող ենք մեր երկիրը պահել, միայն եթե մենք ենք այն պաշտպանում։ Հայաստանի ներկայիս իշխանություններն ամեն ինչ անում են, որ հայը չկարողանա իր երկիրը պաշտպանել, հայն իր երկում չապրի։ Այս ամեն ինչի արդյունքը սա է լինելու։
Panorama.am-Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օրերս այցելել է Բերձոր քաղաք, որը օգոստոսի վերջին հանձնվել է ադրբեջանական կողմին, սպառնալիքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին, խոսել ինչ-որ քարտեզների մասին։ Արդյո՞ք ՄԱԿ-ի բարձր ամբիոնից Նիկոլ Փաշինյանը կարողացավ համարժեք արձագանքել, պատասխանել Ալիևի հոխորտանքներին։
Կարեն Վրթանեսյան-Նիկոլ Փաշինյանը Ալիևին չի պատասխանում, Փաշինյանը սպասարկում է Ալիևի շահերը Հայաստանում։ Անիմաստ է քննարկել Փաշինյանի խոսակցությունները, հայտարարությունները։ Այդ մարդը բազմիցս, հարյուր անգամ ապացուցել է, որ իր խոսքը կոպեկ չարժի։ Պահի տակ ինչ իրեն հարմար է գտնում, խոսում է, հաջորդ վայրկյանին իր իսկ ասածից հրաժարվում է։
Անիմաստ է դա քննարկել։ Կրկնում եմ՝ Նիկոլ Փաշինյանն իր գործողություններով, ոչ թե խոսքերով ու հայտարարություններով, անմիջականորեն սպասարկում է Ադրբեջանի և Թուրքիայի շահերը։ Ըստ էության, մենք Հայաստանում գործ ունենք թուրք-ադրբեջանական օկուպացիոն վարչակարգի հետ։
Եթե մենք ուզում ենք ունենալ Հայաստան անունով պետություն կամ գոնե որպես հայ առանց թաքնվելու այս հողում ապրենք, այլ տարբերակ չեմ տեսնում, միակ ելքը Փաշինյանի իշխանության հեռացումն է։
Panorama.am- Շնորհակալություն հարցերին պատասխանելու համար։
Հարակից հրապարակումներ`
- ՄԱԿ-ում Փաշինյանը փաստացի սակարկման դրեց ՀՀ ինքնիշխան տարածքը. Աբրահամյան
- Քաղաքագետ. ՄԱԿ-ում Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց Արցախից հրաժարվելու իր՝ բազմիցս արտահայտած մոտեցումը
- ՄԱԿ-ում Փաշինյանի երեք արձանագրումները՝ ըստ Սուրեն Սարգսյանի
- Փաշինյան. Պաշտոնական հարց եմ ուղղում Ադրբեջանի նախագահին. կարո՞ղ եք ցույց տալ Հայաստանի քարտեզը, որը ճանաչում եք
- Հայաստանի հետ Իրանի կապը չպետք է վտանգվի. Ռայիսի
- Իրանը չի հանդուրժի տարածաշրջանում սահմանների ոչ մի փոփոխություն. Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ
- Եռաբլուրից խնդրեցինք երկնավորից՝ հեռացնի մեր երկրի սահմաններից պատերազմի չարիքը. Վեհափառ
- Եթե պատերազմ լինի, դա լինելու է Երևանից 2 ժամ հեռավորության վրա․ Վահե Հովհաննիսյան
- Հայոց պետականությունը կանգնած է նոր ու աղետալի պատերազմի շեմին․ Արայիկ Հարությունյան
- Հակոբ Արշակյան. Վստահելի ապացույցներ կան, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր հարձակման այդ թվում Նախիջևանի կողմից
- Ավարտվե՞լ է պատերազմի այս փուլը՝ շատ դժվար է միանշանակ գնահատել. Աբրահամյան
- Տեղեկություններ կան, որ Ադրբեջանը ծրագրում է հերթական հարձակումը՝ Նախիջևանի ուղղությամբ. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
- Արթուր Ղազինյան. Երբեք չպետք է դադարես պատրաստվել պատերազմի