Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի պաշտոնի համար ԲԴԽ-ն առաջարկել է Գրիգոր Հովհաննիսյանի թեկնածությունը
Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար նախագահին կառաջարկվի Գրիգոր Հովհաննիսյանի թեկնածությունը։
«2022 թվականի սեպտեմբերի 22-ին, դռնփակ նիստում, քննարկելով Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղը համալրելու նպատակով վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնում ընդգրկված անձի թեկնածությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 125-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 129-րդ և 117-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Հանրապետության նախագահին առաջարկել Գրիգոր Վոլոդյայի Հովհաննիսյանի թեկնածությունը՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար:
2. Սույն որոշման 1-ին կետով ներկայացված առաջարկի վերաբերյալ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 117-րդ հոդվածով սահմանված կարգով Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելու պահից Գրիգոր Վոլոդյայի Հովհաննիսյանի՝ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի լիազորությունները համարել դադարած և վերջինիս հանել վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից»,- նշված է ԲԴխ սեպտեմբերի 22-ին կայացրած որոշման մեջ։
Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը հրաժարականի վերաբերյալ դիմում է ներկայացրել ԲԴԽ։ ԲԴԽ որոշմամբ, սեպտեմբերի 22-ից նրա լիազորությունները համարվոմ են դադարած։
Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը սեպտեմբերի 22-ին որոշում է ընդունել, որի համաձայն, հիմք ընդունելով Ալեքսանդր Ազարյանի դիմումը, նրա՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցվել են։
Հարակից հրապարակումներ`
- Ալեքսանդր Ազարյանն ուներ որոշակի առողջական խնդիրներ. դատավոր Արման Հովհաննիսյան
- Դատավոր Ալեքսանդր Ազարյանի լիազորությունները դադարեցվել են