«Հրապարակ». Ամենայն հավանականությամբ, եկող շաբաթ կլինի Ռուբեն Վարդանյանի նշանակումը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Արցախ տեղափոխված գործարար Ռուբեն Վարդանյանը վերջին օրերին ակտիվ հանդիպումների մեջ է քաղաքական շրջանակների հետ, որով հող են նախապատրաստում նրան պետնախարար՝ Արցախի վարչապետ նշանակելու համար՝ ցույց տալով, որ Վարդանյանն Արցախի ազդեցիկ դերակատարների համար ընդունելի ֆիգուր է։
Օրերս նա հանդիպել է Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանի հետ, որոնց հետ, ինչպես արցախցիներն են պատմում, Վարդանյանը հաճախ է ընթրում: Բանն այն է, որ նա ընդունելի է նախկինների համար նաև որպես Արցախում իշխանության իրավահաջորդ։ Երեկ էլ Վարդանյանը հանդիպել է ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ, նախօրեին այցելել է Արցախի ՀՅԴ գրասենյակ, առաջիկայում նախատեսվում են այլ հանդիպումներ ևս:
Մեր աղբյուրներն ասում են, որ, ամենայն հավանականությամբ, եկող շաբաթ կլինի Վարդանյանի նշանակումը, թեև չեն բացառում, որ առաջին փուլում նա նշանակվի Արցախի նախագահի գլխավոր խորհրդական, ապա՝ պետնախարար: Այս ընթացքում Արցախի կառավարությունում այլ կադրային փոփոխություններ էլ են նախատեսվում:
Հստակ է միայն արտգործնախարարի հարցը․ Դավիթ Բաբայանը, ով այս օրերին ԱՄՆ-ում է` հայ համայնքի հրավերով, կլքի պաշտոնը: Եվ եթե Հայաստանը դեմ չլինի, չի բացառվում, որ Արայիկ Հարությունյանն արտգործնախարարի պաշտոնում նշանակի ներկայիս պետնախարար Արտակ Բեգլարյանին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան