Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռում ընդունեց Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներին
Սեպտեմբերի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Բելգիայի Թագավորության խորհրդարանի Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար պարոն Մարկ Դեմեսմեկերի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ Հայաստան-Բելգիա բարեկամական խմբի ղեկավար Արմեն Ռուստամյանի: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։
«Ողջունելով խորհրդարանական պատվիրակությանը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր երախտագիտությունը հայտնեց Բելգիայի թագավորությանը Հայոց Ցեղասպանության ճանաչման, դատապարտման, ինչպես նաև այս դժվարին օրերին Հայաստանին ու հայ ժողովրդին ցուցաբերած զորակցության համար։
Անդրադառնալով 44-օրյա պատերազմին և սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողություններին՝ Նորին Սրբությունը նշեց, որ այդ ամենի արդյունքում հայ ժողովուրդն ունի տարածքային ու մարդկային կորուստներ, տեղահանված բնակչություն և մինչ օրս Ադրբեջանում պահվող գերիներ։ Վեհափառ Հայրապետը մտահոգությամբ անդրադարձավ նաև Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացման և յուրացման փաստերին։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը տեղեկություններ փոխանցեց Մայր Աթոռի՝ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի կողմից սրբավայրերի պահպանության ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ։
Հայոց Հովվապետը կարևորեց միջազգային հանրության և բարեկամ երկրների հստակ դիրքորոշումը, որի արդյունքում հնարավոր կլինի զսպել ադրբեջանական շարունակվող ագրեսիան և ծավալապաշտական քաղաքականությունը։
Իր հերթին պարոն Մարկ Դեմեսմեկերը նկատեց, որ Հայաստանն ու Բելգիան, լինելով քրիստոնյա երկրներ, ունեն նույն արժեհամակարգը, ինչն էլ ավելի է ամրապնդում երկու երկրների բարեկամությունը։ Պարոն Դեմեսմեկերն իր մտահոգություններն արտահայտեց տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ՝ հաստատելով, որ Բելգիան նույնպես միջոցներ է ձեռնարկում խաղաղության և կայունության հաստատման համար։
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Քույր Եկեղեցիների փոխգործակցությանը՝ ուղղված խաղաղության հաստատմանը և հումանիտար ծրագրերին»,- ասվում է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու