Քաղաքագետ. ՄԱԿ-ում Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց Արցախից հրաժարվելու իր՝ բազմիցս արտահայտած մոտեցումը
Քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանն ուշադրություն է հրավիրում ՄԱԿ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթի այն հատվածին, որտեղ վերջինն օգտագործեց «Լեռնային Ղարաբաղի հայեր» արտահայտությունը։
Քաղաքագետն իր տարածած հոդվածում ընդգծում է՝ 2022թ. սեպտեմբերի 22-ին ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 77-րդ նստաշրջանում՝ Նիկոլ Փաշինյանն ադրբեջանաարցախյան հակամարտության կարգավորման առնչությամբ խոսեց ընդամենն Արցախում ապրող հայության իրավունքների և անվտանգության երաշխավորման մասին:
«Անիրավացիորեն և անարդարացիորեն Նիկոլ Փաշինյանը ոչինչ չասաց այն մասին, որ՝
• ադրբեջանաարցախյան հակամարտությունը կարգավորված չէ և այն պետք է կարգավորվի համակարտության կարգավորման նպատակով ստեղծված միջազգային միակ մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափի շրջանակներում՝ միջազգային իրավունքի երեք սկզբունքների այն է՝ ազգերի ինքնորոշման, ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու և տարածքային ամբողջականության, հիման վրա:
• Արցախի հայությունը իրացրել է միջազգային իրավական ակտերով սահմանված ինքնորոշման իր իրավունքը և այն պետք է ստանա միջազգային ճանաչում:
• Ադրբեջանն օկուպացրել է Արցախի Հանրապետության սահմանադրորեն ամրագրված տարածքները և պետք է ազատի դրանք:
Փաստորեն, կարող ենք արձանագրել, որ ըստ Նիկոլ Փաշինյանի՝ հակամարտությունը կարելի է համարել կարգավորված, եթե երաշխավորվեն Արցախում ապրող հայության իրավունքներն ու անվտանգությունը:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ կարող ենք պնդել, որ Նիկոլ Փաշինյանի նման մոտեցումն իր էությամբ հակաարցախյան է և կատարելապես հակասում է Արցախի ամբողջ, իսկ Հայաստանի հայության մեծ մասի դիրքորոշմանը, դեմ է Արցախի ու Հայաստանի Հանրապետությունների ազգային, պետական շահերին:
Արցախի Հանրապետությունում, Հայաստանի Հանրապետությունում և Սփյուռքում բնակվող հայ ժողովուրդն այս պահին ունի մեկ կենսական կարևորության ազգային խնդիր. համազգային ուժերի գերլարմամբ իշխանությունից հեռացնել Նիկոլ Փաշինյանին: Իշխանությամբ օժտված Նիկոլ Փաշինյանը գոյութենական կամ էքզիստենցիալ սպառնալիք է Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում բնակվող հայության համար»։
Հիշեցնենք, որ Փաշինյանը ելույթում մասնավորապես ասել էր. «Այնուամենայնիվ, Լեռնային Ղարաբաղի հայերը միջազգային հանրության աջակցության կարիքն ունեն»։
Հարակից հրապարակումներ`
- ՄԱԿ-ում Փաշինյանը փաստացի սակարկման դրեց ՀՀ ինքնիշխան տարածքը. Աբրահամյան
- ՄԱԿ-ում Փաշինյանի երեք արձանագրումները՝ ըստ Սուրեն Սարգսյանի
- Փաշինյան. Պաշտոնական հարց եմ ուղղում Ադրբեջանի նախագահին. կարո՞ղ եք ցույց տալ Հայաստանի քարտեզը, որը ճանաչում եք