Սամվել Դարբինյանի կողմից ապօրինի օտարված համայնքային նշանակության հողամասի նկատմամբ կիրառվել է արգելանք
Սամվել Դարբինյանը, 1999-2016 թվականների ընթացքում, զբաղեցնելով Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, իրականացնելով կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որի արդյունքում Վանաձոր համայնքին պատճառել է էական վնաս, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից ու մանրամասնում, որ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննված քրեական վարույթով պարզվել է, որ համայնքի ղեկավար Ս. Դարբինյանը, անտեսելով քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողերի (զբոսայգիներ, պուրակներ, հրապարակներ, փողոցներ, մայթեր, գազոններ, գետափեր, լճափեր) սահմանող Հողային օրենսգրքի ցանկը և Կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված պահանջները, մասնավորեցման ոչ ենթակա 289.05845 հա հողամասերից, առանց լիազոր մարմնի համաձայնությունն ստանալու, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, առանձնացրել է 0.0085 հա մակերեսով հողամասը, դրա գործառնական նշանակությունը բնակավայրերի ընդհանուր օգտագործման հողերից (փողոց-հրապարակ) փոխել է հասարակական կառուցապատման հողերի և տվել Վանաձոր քաղաքի Նժդեհի փողոց թիվ 30/1-1 փոստային հասցեն։
Իր հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու նպատակով համայնքի ղեկավարը ստորագրությամբ վավերացրել է Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Վանաձորի տարածքային ստորաբաժանման ղեկավարին հասցեագրված պաշտոնական, բովանդակությամբ ակնհայտ կեղծ փաստաթուղթը, իբր Վանաձոր քաղաքի Նժդեհի 30/1-1 հասցեի 0.0085 հա մակերեսով հողամասը չի դասվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին, որի հիման վրա 2016 թվականի օգոստոսի 1-ին բնակավայրերում ընդհանուր օգտագործման հող հանդիսացող նշված հողամասի նկատմամբ Վանաձոր քաղաքի Գ.Նժդեհի 30/1-1 հասցեով գրանցվել է Վանաձոր համայնքի սեփականության իրավունքը:
Այնուհետև, ավագանու անդամներից թաքցնելով հողամասի գործառնական նշանակությունը, առանց լիազոր մարմնի համաձայնության, փոխելու հանգամանքը, Վանաձոր համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացրել նաև Վանաձոր քաղաքի Գ.Նժդեհի 30/1-1 հասցեի հողամասն աճուրդով օտարելու մասին առաջարկությունը, որն ավագանու՝ 2016 թվականի սեպտեմբերի 7-ի որոշմամբ հաստատվել է: Կայացված աճուրդով՝ մեկ քայլով հաղթող է ճանաչվել Ս. Վարդերեսյանը: Աճուրդի վերաբերյալ նույն օրը կազմվել է համապատասխան արձանագրությունը, որի հիման վրա հողամասը 403.770 ՀՀ դրամով վաճառվել է Ս. Վարդերեսյանին, և գրանցվել սեփականության իրավունքը:
Այսպիսով, Վանաձոր համայնքին պատճառվել է էական վնաս, ամայնքը զրկվել է բնակավայրերի ընդհանուր օգտագործման հողատարածքն ըստ նշանակության օգտագործելու հնարավորությունից:
Նշված արարքները կատարելու համար Լոռու մարզի դատախազի տեղակալի՝ քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման հիման վրա Ս.Դարբինյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման (2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մաս, որը համապատասխանում է գործող Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասին) և պաշտոնեական կեղծիք կատարելու համար (գործող Քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մաս):
Նկատի ունենալով, որ վերը նշված հողամասի նկատմամբ քաղաքացու սեփականության իրավունքն առաջացել է հանցագործության կատարման արդյունքում՝ գույքի հետագա բռնագանձումն ապահովելու նպատակով հողամասի նկատմամբ կիրառվել է արգելանք:
Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: