«Հրապարակ». Հանդիպումն անցել է բավականին համերաշխ մթնոլորտում, նախկին «մրցակից» նախագահներն առանձնապես ամբիցիաներ չեն ցուցադրել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Հայաստանի 3 և Արցախի 2 նախագահների` կաթողիկոսի նստավայրում և նրա մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպումից հետո տարածված «թույլ» հաղորդագրությունը շատերին հիասթափեցրեց` մարդիկ գործողություն էին սպասում, մինչդեռ կարդացին միայն, որ «տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում, որոշում է ընդունվել շարունակել հանդիպումները»:
Տպավորություն ստեղծվեց, որ ազգի «ջոջերը» չեն կարողացել ընդհանուր հայտարարի գալ և հարթել իրենց տարաձայնությունները: Սակայն մեզ ասացին, որ հանդիպումն անցել է բավականին համերաշխ մթնոլորտում, նախկին «մրցակից» նախագահներն առանձնապես ամբիցիաներ չեն ցուցադրել: Քանի որ հանդիպմանն ընդամենը 6 անձ է մասնակցել, պայմանավորվել են ինֆորմացիայի արտահոսք թույլ չտալ. «թշնամուն», այս դեպքում` հայ հասարակությանը, չտեղեկացնել, թե ինչ են խոսել:
Մեզ հաջողվեց պարզել միայն, որ քննարկման արդյունքում մասնակիցները եկել են եզրահանգման, որ ունեն ինֆորմացիայի որոշակի պակաս՝ կապված ստեղծված իրավիճակի և Նիկոլ Փաշինյանի հետագա քայլերի հետ։ Որոշել են չշտապել, որովհետև լիարժեք տեղեկացված լինելը շատ կարևոր է:
Ծրագրում են առաջիկա մի քանի օրվա ընթացքում հնարավոր խողովակներով ինֆորմացիա հավաքել, թե ինչ է կատարվում արտաքին քաղաքական դաշտում, և ինչ է պատրաստվում անել Նիկոլ Փաշինյանը, ապա նորից հանդիպել՝ արդեն ավելի առարկայական որոշումներ ընդունելու նպատակով։ Դրանից հետո նոր կլինեն ավելի հստակ և հասցեական հայտարարություններ, որտեղ պահի գնահատականը տրված կլինի, որոշ լուծումներ նախանշված կլինեն, թե ինչպես կարելի է դիմակայել նոր սպառնալիքներին, և կոնկրետ այս պարագայում ինչ պետք է անի կամ ինչ չպետք է անի Փաշինյանը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում