Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Թատերական պաստառներ» միջազգային փառատոն-մրցույթը
Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի և «ԱԿՏ» մշակութային ՀԿ-ի նախաձեռնությամբ կիրականացվի «Թատերական պաստառներ» միջազգային փառատոն-մրցույթը, և կբացվի ցուցահանդես, որը սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 31-ը՝ ժամը 11։00-17։00-ն, բաց կլինի հանրության համար։ Մուտքն ազատ է:
ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ «Թատերական պաստառներ» միջազգային փառատոն-մրցույթը Հայաստանում իրականացվում է առաջին անգամ և անցկացվում է Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի 100-ամյակի միջոցառումների շրջանակում:
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 17։00-ին, Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ճեմասրահում (Գրիգոր Լուսավորիչ 6, մուտքը՝ այգու կողմից) կազդարարվի փառատոնի մեկնարկը և կբացվի ցուցահանդեսը։
Փառատոնի շրջանակում սեպտեմբերի 29-ին Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի «Փոքր բեմում» ժյուրիի անդամներ Միշալ Բատորին (Ֆրանսիա), Սերգեյ Սերովը (Ռուսաստան), Էբրահիմ Հաղիղին (Իրան) կներկայանան դասախոսություններով: Մուտքն ազատ է։
Փառատոնին մասնակցության հայտ է ներկայացրել 29 երկրի 177 հեղինակ՝ 406 աշխատանքով։ Նախազատման արդյունքում մրցութային փուլ են անցել 21 երկրի 70 հեղինակի 95 աշխատանք, որոնք կներկայացվեն ցուցահանդեսի շրջանակում և կգնահատվեն միջազգային ժյուրիի կողմից։
Փառատոն-մրցույթի արդյունքները կամփոփվեն սեպտեմբերի 30-ին։
««Թատերական պաստառներ» միջազգային փառատոն-մրցույթի նպատակն է հայ արվեստասեր հանրությանը ծանոթացնել թատերական պաստառների միջազգային արդի միտումներին, նպաստել պաստառների հանդեպ հետաքրքրության բարձրացմանը, երկխոսության կամուրջ լինել հայ և արտերկրի արվեստագետների միջև»,- նշում են ԿԳՄՍ նախարարությունից։
Փառատոնի նախազատման հանձնաժողովում ընդգրկված են գրաֆիկ դիզայներ, արվեստագետ «ԱԿՏ» մշակութային ՀԿ նախագահ Էդիկ Պողոսյանը, Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, լրագրող, արվեստի քննադատ Նունե Հախվերդյանը, գրաֆիկ դիզայներ Գարեգին Մարտիրոսյանը, լուսանկարիչ Վահան Ստեփանյանը։