Ճամբարակում օպերլիազորի սպանության գործով հետախուզվում է 37-ամյա Սամվել Սոսյանը
Սեպտեմբերի 20-ին, ժամը 19-ին, ոստիկանության Ճամբարակի բաժնում «Ճամաբարակ» բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ «կտրած-ծակած վերքերով» իրենց մոտ է տեղափոխվել 1990 թվականին ծնված Սիփան Սարիբեկյանի դին։
Սպանված տղամարդը ոստիկանության Ճամբարակի բաժնի ավագ օպերլիազորն էր, կապիտան։
Հիվանդանոցի բակում հայտնաբերվել է նաև նրա մեքենան, սրահում էլ՝ արնանման հետքեր։ Դեպքից հետո Սիփան Սարիբեկյանին հենց նրա մեքենայով էին հասցրել բուժհաստատության բակ ու հեռացել։
Ոստիկանությունից մանրամասնում են, որ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Ճամբարակի բաժնի ծառայողները սկսել են ձեռնարկել միջոցառումներ՝ հանցագործությունը թարմ հետքերով բացահայտելու ուղղությամբ։
Ճամբարակ են ժամանել ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը, քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ներքին անվտանգության վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության ղեկավար կազմը, այլ պաշտոնատար անձինք։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Սիփան Սարիբեկյանին դանակով մի քանի անգամ հարվածներ էին հասցրել Ճամբարակի Գետափնյա փողոցի արագ սննդի կետում։ Նշված վայրում ևս հայտնաբերվել են արնանման հետքեր։
Հետագա միջոցառումներով հայտնի են դարձել ներկաների, նաև կասկածվողի ինքնությունը. Ճամբարակի բնակիչ 37-ամյա Սամվել Սոսյանն էր։
Համապատասխան դատավարական գործողություններից հետո սեպտեմբերի 23-ին նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
«Սամվել Սոսյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանություն կամ զանգահարել 1-02, 010 59-06-13 հեռախոսահամարներով։
Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։
Դեպքի բոլոր հանգամանքները, նաև շարժառիթը նախաքննությամբ պարզվում են»,-նշում են ոստիկանությունից։