«Մանկական Եվրատեսիլի» այս տարվա խորհրդանիշն ու կարգախոսը
Սահմանային իրավիճակով պայմանավորված` Հանրային հեռուստաընկերությունը հետաձգել էր «Մանկական Եվրատեսիլ 2022» մրցույթի բրենդինգի հրապարակման օրը: Հանրային հեռուստաընկերությունից հայտնում են, որ, այնուամենայնիվ, մրցույթի նախապատրաստական աշխատանքները շարունակվում են, և ըստ ժամանակացույցի՝ վերջնաժամկետները փոփոխել այլևս հնարավոր չէր:
«Պտտի՛ր հրաշքը». 16 երկիր կհամախմբվի «Մանկական Եվրատեսիլի» 20-րդ պտույտի շուրջը
Անցած տարի Փարիզում «Քամի, քամի» երգով Մալենայի հաղթանակի շնորհիվ Հայաստանն է կազմակերպում 20-րդ «Մանկական Եվրատեսիլը», որի ընթացքում կհնչեն 9-14 տարեկան երիտասարդ արտիստների նոր երգեր։
Եվրոպական հեռարձակողների միությունը և Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը հայտնում են, որ 16 երկիր կմասնակցի Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթին։ Այդ երկրներն են․ Ալբանիա, Իռլանդիա, Իտալիա, Իսպանիա, Լեհաստան, Հայաստան, Հյուսիսային Մակեդոնիա, Ղազախստան, Մալթա, Նիդեռլանդներ, Պորտուգալիա, Սերբիա, Ուկրաինա, Միացյալ Թագավորություն, Վրաստան, Ֆրանսիա։ Միացյալ Թագավորությունը, որը Ուկրաինայի փոխարեն հյուրընկալելու է «Եվրատեսիլ 2023» երգի մրցույթը, 2005 թվականից ի վեր առաջին անգամ կմասնակցի մրցույթին։
Պտտի՛ր հրաշքը
Այս տարի «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթն իր 20-րդ պտույտն է կատարում արևի շուրջը։ Շեշտը դնելով փոքրիկներին ուրախություն և զվարճանք բերող այս անվերջ շրջապտույտի վրա՝ Հանրային հեռուստաընկերությունն ընտրել է «Պտտի՛ր հրաշքը» կարգախոսը։
Մրցույթի այս տարվա խորհրդանիշը միջազգայնորեն ճանաչված խաղալիք է՝ հոլը, որի այս տեսակը հատուկ է հայկական մշակույթին և զարդարված է ազգային նախշերով։ Այդ նախշերը Հայաստանում կարելի է տեսնել պատմական-ճարտարապետական հուշարձանների, գորգերի և հագուստի վրա։ Ավանդական փայտե խաղալիքներին տրվել է նեոնային տեսք, որն արտացոլում է ժամանակակից Հայաստանը։
«Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթի գործադիր ղեկավար Մարտին Օստերդալը նշել է․ «Ուրախ ենք այս տարի Երևանում ողջունելու երիտասարդ, տաղանդավոր արտիստների 16 երկրից, որոնք մասնակցելու են 20-րդ «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթին։ Մեծ ոգևորությամբ ենք վերադառնում Հայաստանի մայրաքաղաք ավելի քան տասը տարի անց, որպեսզի պտտենք հրաշքը այս հոբելյանական երեկոյի ընթացքում և բարի վերադարձ մաղթենք Միացյալ Թագավորությանը՝ «Եվրատեսիլ 2023»-ը հյուրընկալող երկրին։ Հանրային հեռուստաընկերության մեր գործընկերն այնքան լի են էներգիայով, ոգեշնչվածությամբ և ստեղծարարությամբ։ Անհամբերությամբ սպասում ենք դեկտեմբերին կայանալիք այս դիտարժան շոուին»։
«Մանկական Եվրատեսիլը» տեղի կունենա Կարեն Դեմիրճյան մարզահամերգային համալիրում դեկտեմբերի 11-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան