ԼՂ հիմնախնդիրը մնում է չլուծված, քանի որ չեն կարգավորվել հակամարտության հիմքում ընկած խնդիրները. Արարատ Միրզոյան
«Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայից 2 տարի անց էլ ԼՂ հիմնախնդիրը մնում է չլուծված, քանի որ չեն կարգավորվել հակամարտության հիմքում ընկած խնդիրները», - Երևանում Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասի հետ մամուլի հայտարարության ժամանակ ասաց Արարատ Միրզոյանը։
«Ցանկանում է ևս մեկ անգամ շեշտել, որ որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ, մենք մերժում ենք ուժի կիրառման և ուժի կիրառման սպառնալիքի միջոցով խնդիրները լուծելու մոտեցումը և վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ խաղաղ բանակցությունների միջոցով տարածաշրջանում հաստատելու խաղաղություն և կայունություն»,-ասաց Միրզոյանը:
Նա նշեց, որ կարևորում են խաղաղության և կայնության դեմ ուղղված Ադրբեջանի առավելապաշտական և հանցագործ նկրտումներին միջազգային հանրության կողմից հասցեական ու համարժեք արձագանքը։
«Ոչ համարժեք, ագրեսորի և ագրեսիայի թիրախի միջև հավասարություն դնող արձագանքները բերում են նոր հանցագործությունների»,- ասաց Արարատ Միրզոյանը։
Ըստ նրա, միանշանակ է՝ ագրեսիայի հետևանքները պետք է վերացվեն, այն է՝ առաջին հերթին ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս գան Հայաստանի ինքնիշխան տարածքից, հայ ռազմագերիները պետք է վերադարձվեն, հրադադարի ռեժիմը պետք է լիակատար պահպանվի։
«Միջազգային հանրությունը հստակ գործողությունների ու մեխանիզմների միջոցով պետք է կանխարգելի Ադրբեջանի արկածախնդիր քայլերն ու հավանական նոր ագրեսիաները»,- ասաց Միրզոյանը։