Սեպտեմբերի 27, «Եռաբլուր». «Այս աշխարհից ոչինչ չեմ ուզում, միայն գոնե մեկ անգամ որդիս ասի՝ մերս, ո՞նց ես»
Հեռվից զգացվող խնկի անուշաբույր հոտ, ծածանվող եռագույններ, քարացած դեմքեր, լռության միջից լսվող լաց ու հառաչանք։ «Եռաբլուր» զինվորական պանթեոն…
Արցախյան երրորդ պատերազմից երկու տարի անց, ցավը նույնն է, ինչ 2020 թվականի սեպտեմբերի վերջին, հոկտեմբերին ու նոյեմբերին, երբ հազարավոր ծնողներ իրենց որդիներին՝ մեծ մասը 18-20 տարեկան, հանձնում էին հողին։ Հենց այդ ժամանակից սկսած՝ նրանց տունը դարձել է «Եռաբլուրը», ուր գալիս, նստում են անմահացած զավակների քարացած նկարների առաջ ու ժամերով զրուցում նրանց հետ՝ պատմում օրվա մասին, պատմում ծանոթներից ու բարեկամներից։ Հակառակ կողմից «արձագանք» չկա, բայց նրանք պատմում ու պատմում են՝ վստահ, որ իրենց լսում են։
«Գնալով կարոտն ավելի ու ավելի է սաստկանում։ Այս աշխարհից ոչինչ չեմ ուզում, միայն գոնե մեկ անգամ որդիս ասի՝ մերս, ո՞նց ես»,- ասում է անմահացած զինծառայողի մայրը։
«Եռաբլուրում» բոլորն են դժվարանում խոսել. բառեր չեն գտնում արտահայտելու իրենց ցավը, միայն հաճախ իրենց որդիների անուններն են բարձր արտասանում՝ Գևս, Էրիկս, Արամս, Էդոս, Արթուրս, Հայկս, Գարիկս…
Մարինե Մուրադյանը որդուց՝ ժամկետային զինծառայող Էրիկ Սարգսյանից վերջին զանգը ստացել է 2020 թվականի սեպտեմբերի 26-ին։
«Նոր էին իջել դիրքերից, ասաց՝ ոնց որ խառն է, բարձրանում եմ դիրքեր, այնտեղից էլի կզանգեմ, կապն այնտեղ ավելի լավ է ու … վերջ։ Սեպտեմբերի 26-ին եղավ վերջին զանգը։
Եղնիկներում էր ծառայում՝ 3-րդ գումարտակ։ Զոհվել է սեպտեմբերի 29-ին։ Մարմինը սեպտեմբերի 30-ից եղել է Մեծամորի դիահերձարանում։ Տղաս օրեր շարունակ փնտրել է եղբորը, մարմինը գտել է միայն հոկտեմբերի 22-ին։
Այդ երեք օրերին նա շատ վիդեոներ է նկարել՝ և կրակում էր, և նկարում։ Միշտ ասում էր՝ վիճակն ահավոր է, բայց Եղինիկները չենք տալու, 100 տոկոս։
Որդիս շատ հումորով էր, նույնիսկ կռվի պահին էր հումոր անում ու ծիծաղում»,- Panorama.am-ի հետ զրույցում պատմում է Էրիկի մայրը։
Գևորգ Ջավախյանը՝ «ոսկե Գևը», բանակ է գնացել 2019 թվականի հուլիսի 11-ին։ Սկզբում ծառայել է Արմավիրում, իսկ վեց ամիս հետո տեղափոխվել Արցախ։ Ասկերանի շրջանի Իվանյանի (Խոջալու) Տանկային բրիգադի տանկիստներից էր, տանկի նշանառու օպերատոր։
«Հերոսական պայքար է մղել եղբայրս։ Թշնամին նկատել է, սկսել հետևել 055 համարի տանկը։ Հոկտեմբերի 24-ին, երբ իրեն տեղափոխում են Շեխեր գյուղ, իր հրամանատարի պատմելով, գիշերը, երբ իրենք արդեն դիրքավորվել են, Գևս ասել է՝ կամանդիր, երբ առավոտ լույսը բացվի, թույլ կտա՞ս սատկացնեմ դրանց։ Ասել է՝ թող լույսը բացվի, կհասկանանք… Ու այդպես էլ իմ եղբոր համար լույսը չի բացվել։ Անօդաչու թռչող սարքը հարվածել է Գևորգի տանկին, հենց առաջին հարվածից էլ եղբայրս վիրավորել է, եղել է տանկի կողքը կանգնած, երկրոդ հարվածն է հասցվել տանկին։
Գևորգին տեղափոխել են հիվանդանոց։ Հոկտեմբերի 25-ի լույս գիշերը բերել են Երևան, հոկտեմբերի 26-ին ես գտա իրեն հիվանդանոցում։ Հոկտեմբերի 27-ին մայրս մտավ իր մոտ, իսկ 28-ի առավոտյան Գևս անմահացավ։
Անհնար էր լիներ Գևորգի հետ ու չժպտալ, չուրախանալ։ Երկու զորամասում է եղել, տղաներն ասում են՝ մեր չաստի ուրախությունն է եղել»,- պատմում է Գևորգի քույրը՝ Սեդան։
Փոխգնդապետ Վիգեն Մովսիսյանը 20 տարի ծառայել է իր հայրենիքին։ Վաստակած թոշակն էր վայելում, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը։
«Երբ պատերազմը սկսվեց, Երևանում էր, անմիջապես գնաց Արցախ ու այն պոստերը, որտեղ եղել է կոմբատ։ Գնաց իր զինվորների մոտ, նորից կոմբատ նշանակեցին իրեն։ Զոհվել է սեպտեմբերի 29-ին։ Հուղարկավորվել էր Հադրութում։ Փետրվարի 14-ին թույլ տվեցին մտնել Հադրութ, տեղափոխել մարմինը։ Վերահուղարկավորել ենք Եռաբլուրում։ Առավոտից Վիգենի զինվորները հերթով գալիս են շիրիմին։ Ծնողներն ասում են՝ տենց կոմբատ կլինի, որ այդքան զինվոր գա իր գերեզմանին»,- պատմում է Վիգեն Մովսիսյանի քույրը։
40-ամյա Արամ Մինասյանը՝ Յոժը, նաև Քառօրյա պատերազմի մասնակից է եղել։
«Հատուկ ջոկատային էր իմ տղան։ Բանակում չի ծառայել, երկրորդ խմբի հաշմանդամ եմ, իմ խնամակալն է եղել, բայց միշտ եղել է հայրենիքի սահմաններում։ Այդ մինուճարն ունեի։ Արցախի համար խելքն իրենը չէր։ Երբ լսում էր մի վտանգ կա Արցախում, արդեն այնտեղ էր։ Ասում էր՝ հրաշք է, դրախտ է Արցախը։
Պատերազմը սկսվելու առաջին պահից գնաց Արցախ։ Նա ասում էր՝ Արցախը մեր դարպասն է, եթե թողենք, թուրքը կգա, կհասնի երեխաներիս, քեզ, բոլորին։
Նա գնաց իր հայրենիքը պաշտպնելու։ Ես ոչինչ չէի կարող անել, քանի որ այնպիսի բանի համար էր գնում։ Գնում էր մեր հայրենիքը պաշտպանելու։ Զոհվել է հոկտեմբերի 10-ին Հադրութում, երեխես վառվել է, չեմ տեսել։ 20 օր փնտրեցինք, 21-րդ օրը գտան երեխուս»,- պատմում է Արամ Մինասյանի մայրը՝ տիկին Անահիտ Սաֆարյանը։
Նա ցավում է, որ այսքան հայորդիներ արյուն են թափել հանուն հայրենիքի, բայց այսօր այդ հայրենիքը վտանգված է. «Հայրենիքի կեսը չկա, չհաշված Արցախը։ Դեռ այսօր էլ զոհեր ունենք, թուրքը մեր արյունով չի կշտանում, չի հագենում։ Երբ ես իմ բալային գտա, ասացի՝ թող վերջինը լինի իմ տղան, վերջին սգացող մայրը լինեմ ես, բայց չէ… ինչ անեմ»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան