Հաստատվել է մինչև 6 տարեկան երեխաներին կրթության և զարգացման մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրելու կարգը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով՝ հաստատվել է 0-6 տարեկան երեխաների կրթության և զարգացման կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգը:
ԿԳՄՍՆ-ի փոխանցմամբ՝ հրամանն ուժի մեջ է մտել 2022 թվականի սեպտեմբերի 15-ից:
«Սահմանված է, որ 0-6 տարեկան երեխայի կրթության և զարգացման կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների համար հիմք է հանդիսանում երեխայի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի (ԿԶԱՊԿ) գնահատումը, որն իրականացվում է մանկավարժահոգեբանական գնահատման չափանիշներին համապատասխան: Գնահատումը նպատակ ունի սահմանելու՝
երեխայի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանները՝ ապահովելով ծրագրային, մեթոդական և միջավայրային անհրաժեշտ հարմարեցումներ,
սահմանված կարգով և դեպքերում ֆինանսավորման բարձրացված չափաքանակ տրամադրելու հիմքերը,
մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների մակարդակը, ծավալները և տևողությունը:
Գնահատումն իրականացվում է երեք մակարդակներում`
Նախադպրոցական մակարդակի գնահատում` նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների և մանկավարժահոգեբանական աջակցության խմբի կողմից (առկայության դեպքում),
Տարածքային մակարդակի գնահատում տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) մասնագետների կողմից,
Հանրապետական մակարդակի գնահատում՝ բողոքարկված դեպքերի գնահատում Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի (ՀՄԿ) մասնագետների կողմից:
Նախադպրոցական մակարդակում
Մանկավարժահոգեբանական (ՄՀ) ծառայությունները տրամադրվում են նախադպրոցական մակարդակի գնահատման արդյունքների ամփոփումից հետո` կանխարգելիչ միջամտությունների պլանով, որը մշակվում և իրականացվում է նախադպրոցական ուսումնական հաստատության (ՆՈՒՀ) մանկավարժների կողմից մեկ կիսամյակի համար:
Մանկավարժահոգեբանական աջակցության կարիք ունեցող յուրաքանչյուր երեխային տրամադրվող ծառայությունների ժամանակահատվածը, տևողությունը, ծավալը, ծառայության տեսակը և տրամադրման գրաֆիկը մշակվում է նախադպրոցական մակարդակի գնահատման արդյունքների հիման վրա` ՆՈՒՀ-ի և ՏՄԱԿ-ի աջակցության խմբի կողմից և հաստատվում է ՆՈՒՀ-ի տնօրենի կողմից:
Մանկավարժները և աջակցության խումբը, համագործակցելով երեխայի ծնողների հետ, իրականացնում են կանխարգելիչ միջամտությունների պլանով նախատեսված գործողությունները` աջակցելով երեխային, նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչներով սահմանված կրթական ծրագրերի բովանդակությունը հասակակիցների հետ զուգընթաց յուրացնելու գործընթացում:
Տարածքային մակարդակում ծառայությունները տրամադրվում են ՏՄԱԿ-ի կողմից այն երեխաներին, ովքեր տվյալ մակարդակում սահմանված կարգով գնահատվել և ճանաչվել են որպես կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք (ԿԶԱՊԿ) ունեցող: ՏՄԱԿ-ում ծառայությունների տրամադրումը երեխային իրականացվում է անվճար՝ ՏՄԱԿ-ի միջոցներով, ուսումնական պարապմունքներից հետո, ըստ նախատեսված տևողության, ծավալի և երեխայի անհատական ուսուցման ու զարգացման պլանում (ԱՈՒԶՊ) նշված ժամանակացույցի:
Հանրապետական մակարդակում ծառայությունները տրամադրվում են Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի (ՀՄԿ) մասնագետների կողմից ՏՄԱԿ-ներին, նախադպրոցական ուսումնական հաստատություններին, այլ գերատեսչությունների համապատասխան բաժիններին, կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք (ԿԶԱՊԿ) ունեցող երեխաներին, նրանց ծնողներին:
ՀՄԿ-ն ապահովում է կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման ու ծառայությունների տրամադրման միասնական մոտեցումների կիրառումը` համակարգելով և մշտադիտարկելով ՏՄԱԿ-ների աշխատանքը, ինչպես նաև ստեղծում է կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման արդյունավետության բարձրացմանը միտված մեթոդական գրականություն, դիդակտիկ նյութեր և ուսումնական նյութերի հարմարեցումներ։
Մանկավարժահոգեբանական ծառայություն ստացող յուրաքանչյուր երեխայի համար կազմվում է անհատական գործի թղթապանակ, որը ներառում է երեխայի նախադպրոցական և/կամ տարածքային մակարդակների գնահատման արդյունքների արձանագրությունները, եզրակացությունները, ԿԶԱՊԿ-ի վերաբերյալ վկայագիրը, ԱՈՒԶՊ-ը, երեխային տրամադրվող ՄՀ ծառայությունների ժամանակացույցը, երեխայի զարգացման վերաբերյալ հավաքագրված և արձանագրված ցանկացած տեղեկատվություն և դրա հետ կապված այլ նյութեր (լուսանկար, տեսանյութեր, երեխայի աշխատանքներ և այլն)»,- նշված է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին