«Փաստ». Ներքաղաքական կյանքում ուշագրավ գործընթացներ են տեղի ունենում
«Փաստ» թերթը գրում է.
«Մինչ Հայաստանի գլխավերևում շարունակում են ամպեր կուտակվել, իսկ սպառնացող արտաքին վտանգն՝ ահագնանալ, ներքաղաքական կյանքում ուշագրավ գործընթացներ են տեղի ունենում։ Ի մասնավորի, նախօրեին 18 համայնքում կայացած ՏԻՄ ընտրությունները մի շարք կարևոր իրողություններ ի ցույց դրեցին։
Որպես կանոն, տեղական ընտրությունները Հայաստանում հիմնականում աչքի են ընկել իրենց մրցակցայնությամբ, քանի որ քաղաքական ուժերը փորձել են տեղերում քաղաքական կապիտալ կուտակել՝ այն համապետական ընտրություններում օգտագործելու համար։ Այս ՏԻՄ ընտրությունները մրցակցային անվանելը շատ միամիտ կլիներ։
Ճիշտ է՝ ընտրություններին մասնակցելու հայտ էին ներկայացրել 12 կուսակցություն ու կուսակցությունների 7 դաշինք, բայց, օրինակ՝ երկու համայնքում՝ Ջրվեժում և Ճամբարակում, համամասնական ցուցակով մասնակցում էին ընդամենը մեկ քաղաքական ուժի թեկնածուներ։ 3 համայնքում էլ՝ Տաշիր, Ակունք, Արենի, երկու քաղաքական միավոր էին մրցակցության մեջ մտել, թեպետ կոնկրետ Տաշիրի դեպքում դժվար է դա մրցակցություն համարել, քանի որ գործող համայնքապետը պարզապես այլընտրանք չուներ, ինչը ապացուցեցին ընտրությունների արդյունքները։
Թերևս Թալինն ու որոշակիորեն Սիսիանն էին, որտեղ ակտիվ մրցակցություն էր նկատվում։ Տեղական ընտրությունների մասշտաբով այս իրողությունն ինքնին ցույց է տալիս, որ քաղաքական դաշտն առանձնապես ակտիվ չէ։ Ավելին, դաշինքների տեսքով հաճախ մասնակցում էին քաղաքական ուժեր, որոնք, մեղմ ասած, հանրությանը հայտնի չեն. հասկանալի է, որ տվյալ դեպքում գործ ունենք ՏԻՄ համամասնական ընտրակարգի անհեթեթության հերթական դրսևորման հետ, երբ կոնկրետ անձերին պարզապես կուսակցություն է պետք եղել: Միայն ընտրությունների համար:
Իսկ հիմնական ուժերից ներկայացվածության առումով, բացի ՔՊ-ից, ակտիվ էին «Ապրելու երկիրը» և ՀՅԴ-ն։ Պետք է նաև նկատի ունենալ, որ ավանդաբար ՏԻՄ-երի մակարդակում պայքարող քաղաքական միավորներ կան, որոնք այս անգամ ուղղակի չէին մասնակցում ընտրական գործընթացներին։
Հնարավոր է, որ ՏԻՄ ընտրությունների պասիվության գործում որոշակի դերակատարություն է ունեցել նաև Հայաստանի համար առավել գլոբալ նշանակության խնդիրների հրատապությունը, քանի որ զոհասեղանին է հայկական պետականության հարցը, և շատ դեպքերում մարդկանց ու քաղաքական գործիչների աչքին ՏԻՄ ընտրությունները չեն էլ գալիս։
Ըստ այդմ էլ՝ պատահական չէ, որ շատ էր հնչում այն հարցը, թե ներկայիս անվտանգային սպառնալիքների պարագայում արդյո՞ք այդքան հրատապ է ՏԻՄ ընտրությունների հարցը, երբ պետությունն ուղղակի պարտավոր է իր ողջ ներուժը կենտրոնացնել այդ սպառնալիքներին դիմագրավելու ուղղությամբ։ Բայց օրը նշանակված էր, և այն փոխելն էլ նոր խնդիրներ էր առաջացնելու տեղերում: Այնպես որ, ընտրություններն արդեն կայացել են, կան արդյունքները, որոնք բավականին հետաքրքիր մտորումների տեղիք են տալիս:
ՏԻՄ ընտրություններն ընդհանրապես կարող են լակմուսի թուղթ լինել ընդհանուր տրամադրությունները ֆիքսելու առումով։ Ըստ այդմ, ճիշտ է, համայնքների մեծամասնությունում ՔՊ-ն կարողացավ հաղթանակ տանել, սակայն մի շարք խոշոր համայնքներում ծանր պարտություն կրեց (Չարենցավան, Բերդ, Անի, Քաջարան, Ալավերդի, Բյուրեղավան, Տաշիր և այլն)։
Ու սա՝ այն պարագայում, երբ քպականները կենտրոնացրել էին վարչական ու ֆինանսական ռեսուրսները՝ բառիս բուն իմաստով կենաց-մահու կռիվ տալով տեղերում։ Ռեսուրսը՝ ռեսուրս, բայց պետք է արձանագրել, որ Տաշիրից բացի, մյուս տեղերում, եթե նույնիսկ պարտվել էլ են, միևնույնն է, քպականները զարմանալիորեն բավականին քվե են տարել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա