Էքստրեմոֆիլների միջազգային 14-րդ համաժողովն անցկացվելու է Հայաստանում
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի ներկայացուցիչները Հունաստանի Լուտրակի քաղաքում մասնակցել են Էքստրեմոֆիլների միջազգային 13-րդ համաժողովին` ներկայացնելով իրենց գիտական գործունեության վերջին նվաճումները: Այս մասին հայտնում են ԵՊՀ-ից։
«Սեպտեմբերի 18-22-ն անցկացված համաժողովին մասնակցել են ավելի քան 30 երկրի առաջատար մասնագետներ։ ԵՊՀ պատվիրակության անդամները մասնակցել են Էքստրեմոֆիլների միջազգային միության նախագահության ամփոփիչ ժողովին, որտեղ ԵՊՀ դեցենտ Հովիկ Փանոսյանը ներկայացրել է զեկուցում, ապա հանդես եկել Էքստրեմոֆիլների միջազգային 14-րդ համաժողովը Հայաստանում անցկացնելու առաջարկությամբ, ինչն ընդունվել է միաձայն:
Հ. Փանոսյանը համաժողովին ներկայացրել է զեկուցում՝ Քարվաճառի երկրաջերմային աղբյուրից անջատված թերմոֆիլ մանրէային նոր տեսակի վերաբերյալ, դոցենտ Արմինե Մարգարյանի զեկուցումը Հայաստանի բազմամետաղային հանքերի նմուշներում մանրէային համակեցությունների ուսումնասիրության մասին էր, իսկ ասպիրանտ Դիանա Ղևոնդյանը ներկայացրել է գյուղատնտեսական թափոնների հիմքով, մանրէային ծագման ֆերմենտների կիրառմամբ, կենսաբանորեն ակտիվ նյութերի սինթեզի հեռանկարներին նվիրված զեկուցում:
Պատվիրակությունը նախագահող Հովիկ Փանոսյանը, խոսելով տարբեր տարիներին անցկացված համաժողովներից և դրանց մասնակցելու շնորհիվ ձեռք բերված հաջողություններից, ընդգծեց. «էքստրեմոֆիլների միջազգային համաժողովներին մի քանի անգամ մասնակցել եմ, իսկ այս տարին բացառիկ նշանակություն ունեցավ, քանի որ ներկայացնելով մեր գիտական ուսումնասիրությունները՝ առաջարկեցինք Էքստրեմոֆիլների միջազգային 14-րդ համաժողովն անցկացնել Հայաստանում, և հուրախություն բոլորիս՝ մեր առաջարկն ընդունվեց։
Համաշխարհային հեղինակություն ունեցող համաժողովի՝ Հայաստանում անցկացվելն ընձեռելու է մի շարք հնարավորություններ։ Այցի շրջանակում ձեռք ենք բերել համատեղ աշխատանքներ կատարելու, ինչպես նաև փորձի փոխանակման նպատակով փոխայցելություններ կազմակերպելու պայմանավորվածություն։ Լիահույս եմ, որ ձեռնարկված քայլերի շնորհիվ Հայաստանում էլ ավելի կզարգանա մանրէաբանության ոլորտը, և մեր երկրում այս ոլորտի հեռանկարային լինելն առավել կընդգծվի: Վստահ եմ՝ համաժողովի շրջանակում կստեղծվեն նոր համագործակցություններ»:
Հավելենք, որ Էքստրեմոֆիլների միջազգային 14-րդ համաժողովն անցկացվելու է 2024 թվականին»,- ասվում է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին