«Հրապարակ». Համայնքապետի թեկնածուն դեմ է գնում իրեն առաջադրած կուսակցությանը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Սիսիան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում երրորդ տեղը զբաղեցրած, «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը գլխավորած գործարար Արա Զաքարյանը, որոշ տեղեկություններով, առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած ուժերին` ՔՊ-ին, որն ունի 8 մանդատ, և «Աշխատանք և արդարություն» դաշինքին, որը Ղազինյանի կուսակցության հետ ունի 7 մանդատ, առաջարկել է իր թեկնածությունն առաջադրել համայնքի ղեկավարի պաշտոնում: Նրանցից ով կընդունի առաջարկը, նրա հետ էլ Զաքարյանն իշխանությունը ստանձնելու կոալիցիա կկազմի։
Հիշեցնենք, որ Սիսիանում անցողիկ շեմը հաղթահարած քաղաքական 5 ուժերից ոչ մեկին չի հաջողվել 50 տոկոսից ավելի ձայն ստանալ։ Առավել շատ ձայն է ստացել իշխող ՔՊ-ն, երկրորդն «Աշխատանք և արդարություն» դաշինքն է, որի ցուցակը գլխավորում է Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանի ընկերը։
«Ապրելու երկիր» կուսակցությունը երրորդն է` 4 մանդատով, ևս երկու ուժ է անցել ավագանի` Արթուր Ղազինյանի «Մեկ Հայաստան» կուսակցությունը և Արման Բաբաջանյանի «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը»։
Փաստորեն, համայնքապետի թեկնածուն դեմ է գնում իրեն առաջադրած կուսակցությանը, որը դեռ ընտրություններից առաջ հայտարարել էր, թե իրենք որևէ պարագայում ՔՊ-ի հետ դաշինք չեն կազմի։ Ավելին՝ խոսակցություններ են հասնում, որ եթե իշխանությունը ճնշումները մեծացնի գործարարի նկատմամբ, չի բացառվում, որ Զաքարյանը դուրս գա խմբակցությունից և քվեարկի ՔՊ թեկնածուի օգտին: Բայց մինչ այդ պետք է նախ լուծեն Արման Բաբաջանյանի կուսակցության ցուցակով առաջադրված թեկնածուի հարցը, ով անձնական տարաձայնություններ ունի ՔՊ թեկնածուի հետ և չի ցանկանում միավորվել ՔՊ-ի հետ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա