Ադրբեջանին ամերիկյան ռազմական օժանդակությունից զրկող և պատժամիջոցներ նախատեսող բանանձև է ներկայացվել նաև ԱՄՆ Սենատում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը և նույն հանձնաժողովի անդամ Մարկո Ռուբիոն սեպտեմբերի 27-ին հանդես են եկել երկկուսակցական օրենսդրական նախաձեռնությամբ, որը դատապարտում է ադրբեջանական վերջին ագրեսիան ՀՀ նկատմամբ, կոչ է անում անհապաղ դադարեցնել ամերիկյան անվտանգային աջակցությունն Ադրբեջանին, ազատ արձակել հայ ռազմագերիներին, պատժամիջոցներ կիրառել պատերազմական հանցագործությունների համար։ Բանաձևով համերաշխություն է հայտնվում ՀՀ տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև կոչ է արվում մեծացնել Հայաստանին և Արցախին տրամադրվող ամերիկյան օժանդակությունը։ Այս մասին հայտնում է ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակը։
Ներկայացված բանաձևի նախագծի առիթով Ռոբերտ Մենենդեսը նկատել է. «Ադրբեջանի վերսկսած հարձակումը հայկական տարածքներիի վրա և քաղաքացիական ենթակառուցվածքների կոպիտ թիրախավորումը մարդկային կյանքի հանդեպ արհամարհանքի սարսափելի ցուցադրություն է։ Քանի որ տարածաշրջանի համայնքները, ներառյալ Կապանը, Գորիսը, Ջերմուկը, Վարդենիսը և Ճակատենը տառապում են Ալիևի վարչակարգից, Միացյալ Նահանգները պետք է աջակցության խոսքերը որոշակիացնի Հայաստանի ժողովրդի համար արվող գործողություններով: Այս բանաձևով մենք հասկացնում ենք, որ ԱՄՆ կառավարության համար ազգային անվտանգության հրամայական է անել ճիշտը և մեկընդմիշտ դադարեցնել անվտանգության ապահովման աջակցությունն Ադրբեջանին»:
Իր հերթին Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նկատել է. «Մենք ողջունում ենք նախագահ Մենենդեսի և սենատոր Ռուբիոյի վճռական ջանքերը՝ կիրառելու «907-րդ բանաձևը», որը դադարեցնում է ԱՄՆ ռազմական օգնությունը Ադրբեջանին՝ ի պատասխան Ադրբեջանի կողմից ինքնիշխան Հայաստանի և Արցախի տարածքների շարունակական օկուպացման: «Ամերիկյան «արհեստական հավասարության» քաղաքականությունը միայն քաջալերել է նախագահ Ալիևին ընդլայնել իր հարձակումները Հայաստանի և Արցախի դեմ։ Վաղուց ժամանակն է դադարեցնել անվտանգության ոլորտում Ադրբեջանին տրամադրվող օգնությունը և պատժել Ալիևին և նրա կոռումպացված կառավարությանը»։
ԱՄՆ Սենատում Ռոբերտ Մենենդեսի և Մարկո Ռուբիոյի ներկայացրած բանաձևով, փաստորեն, Ադրբեջանին ամերիկյան անվտանգային օժանդակությունից զրկելու, պատժամիջողների կիրառման ինչպես նաև հայկական շահերի պաշտպանության տեսանկյունից կարևոր այլ հարցեր մտնում են նաև ԱՄՆ Սենատի օրակարգ։ Ավելի վաղ իրենց բանաձևերի նախագծերով այդ հարցերը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրակարգ էին մտցրել կոնգրեսականներ Ադամ Շիֆն ու Ջեքի Սփիերը։
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը բազմաբնույթ աշխատանքներ է իրականացնում՝ ապահովելու համար ներկայացված երեք նախագծերի ընդունումը։
Բանաձևի նախագծի տեքստը հասանելի է հետևյալ հղումով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան