Ռոբերտ Քոչարյան. Հասկանում եմ, որ այս խորհրդարանում ՔՊ-ական պատգամավորների մատերը կտրես, ինձ համար չեն քվեարկի
«Ճգնաժամերից պետությունը, երկիրը դուրս է բերում ոչ թե Վեհափառը, նախկին նախագահները, որոնք լծակներ չունեն, այլ իշխանությունը, կառավարությունը»,-ընթացող ասուլիսում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը
Նրա խոսքով, Վեհափառի նախաձեռնությամբ նախկին նախագահների հանդիպումները մեծ սպասելիքներ են առաջացրել հանրության մոտ, մինչդեռ դրանց հասցեատերը պետք է լինի իշխանությունը։
«Վիճակից դուրս գալու համար, այո, պետք է քննարկումներ ունենալ, այդ հանդիպման նպատակն է փորձել քննարկումներով գալ լուծումների։ Օրինակ, Տեր-Պետրոսյանի առաջարկը կատեգորիկ անընդունելի է ինձ համար, բայց ես չեմ ասել, վերջ, էլ այստեղ չեմ գալու։ Մենք դուռը բաց ենք թողել քննարկումների համար։ Մարդկանց մոտ մեծ հույսեր են առաջացել, որ Վեհափառն ու նախկին նախագահները լուծում են գտնելու այս իրավիճակից։ Ժողովուրդ ջան, այս վիճակից լուծումը պետք է գտնի ու այս ճանապարհով տանի իշխանությունը»,-նշեց նա։
Քոչարյանի խոսքով, եթե մարդիկ հույս են կապում այդ ֆորմատի հետ, ապա այն պետք է փոխի իշխանությունը և տա հարցի լուծումներ։
«Ընդդիմությունը կարող է ճգնաժամի ժամանակ իշխանափոխության հարց դնել, եթե բավարարում է ուժերը, հասնել իշխանափոխության, ապա հաղթահարել առկա ճգնաժամը։ Դու ասում եք՝ ընդդիմությունն ի՞նչ է առաջարկում։ Այո, առաջարկում ենք հանրային կոնսոլիդացիա, բայց ոչ կապիտուլյացիայի համար։ Իսկ եթե այդ կոնսոլիդացիայի կարիքն ունի իշխանությունը, ո՞ւր է այդ նախաձեռնությունը, որտե՞ղ արտահայտվեց։ Իշխանությունը նման կոնսոլիդացիայի կարիք չունի, որովհետև պատրաստ չէ բարձր նպատակների համար միավորել ժողովրդին, հակառակը»,-ասաց նա՝ անդրադառնալով հարցին, թե ցավոտ լուծումներից խուսափելու համար ինչ է առաջարկում ընդդիմությունը։
Ռոբերտ Քոչարյանը նշեց՝ ընդդիմությունը փորձել է հասնել իշխանափոխության։
«Կոնկրետ ես ընտրություններին մասնակցել եմ, պատրաստ եմ եղել ստանձել պատասխանատվություն, և ասեմ, այսօր իշխանության գալն ավելի շատ պատիժ է և առաքելություն։ Պետք է ճիշտ գնահատենք իրավիճակը։ Ես համաձայն եմ առաջին նախագահի հետ, իրավիճակը չափազանց բարդ է։ Ուղղակի եզրակացություններն են տարբեր։ Ինքը համարում է, այո, այնքան բարդ է, որ պետք է նվազագույն չարիքը հաղթահերլ, ես համարում եմ, որ այնքան բարդ է, որ պետք է միավորել բոլոր ուժերն ու պայքարով նոր դռներ բացել։ Այո, ես փորձել եմ գալ իշխանության, գլխավորել եմ «Հայաստան» դաշինքի ցուցակը, չի ստացվել, ուրեմն դեռ այս ճհաժամից դուրս գալու պատասխանատվությունն իշխանության վրա է, իրենք չեն առաջարկել պայքարելու բանաձև, որը կարող է մեզ ոգևորել ու քննարկման առարկա դառնալ մեր շրջանակներում, իսկ միավորվել երկիրը հանձնելու կամ կապիտուլյացիա ստորագրելու համար... ուղղակի դրա կարիքը չկա»,-ասաց նա։
Ռոբերտ Քոչարյանի խոսքով, այս խորհրդարանում ՔՊ-ական պատգամավորների մատերը կտրես, իր համար չեն քվեարկի։
«Սա սաղս հասկանում ենք, մանկամտությամբ ոչ ոք չի տառապում այստեղ։ Դա նշանակում է, որ եթե խոսքը լինի խորհրդարանի միջոցով վարչապետի փոփոխության մասին, ապա պետք է լինի մի թեկնածու, որ ընկալելի է և իրենց համար, և ընդդիմության համար։ Ուրիշ մոդել ուղղակի չկա։ Կա։ Ուրիշ մոդելը հանրային այնպիսի ճնշումն է, որը պարտադրում է մեծամասնությանն ընտրել հանրության կողմից ընդունելի թեկնածու, այն, ինչ եղավ 2018-ին։ Սա նշանակում է, տասյակ հազարավոր մարդիկ շրջապատում են խորհրդարանի շենքն ու պարտադրում են ընտրել իրենց թեկնածուին։ Իսկ այսօր նման հնարավորություն չկա։ Սաղս հասկանում ենք, ոչ ինձ կընտրեն, ոչ Իշխան Սաղաթելյանին կընտրեն, մեզ պետք է մի մարդ, որը կմիավորի բոլորին, հանրային կոնսոլիդացիայի պատրաստ ու ընդունակ մի մարդ պետք է ընդունվի։ Սա քննարկման հարց է, բայց այդ նախաձեռնությունը պետք է գա քաղաքական մեծամասնությունից, եթե իրենք գիտակցում են այս իրավիճակի բարդության խորությունը»,-ասաց ՀՀ երկրորդ նախագահը։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյան. Արցախի ապագայի բանալին Արցախի ու Հայաստանի ժողովրդի ձեռքում է
- Ռոբերտ Քոչարյան.Կոնսոլիդացիայի նպատակը ժողովրդին հաղթանակի մղելն է, ոչ թե պարտության
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին