Արման Թաթոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է Ադրբեջանի կողմից պատերազմական հանցանքների ապացույցները
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանի (The Armenian National Committee of America-Western Region (ANCA Western Region) հրավերով՝ Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը մասնակցում է բարձրաստիճան համաժողովի ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում։ Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում։
«Համաժողովի ընթացքում փաստահավաք աշխատանքների արդյունքներով մանրամասն ներկայացրել եմ ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական ներխուժումները՝ սկսած 2021թ. մայիսի 12-ց մինչև 2022թ. սեպտեմբերի 15:
Մասնավորապես, քարտեզի վրա մանրամասն ցուցադրել եմ ադրբեջանական տեղակայումները, ինչպես նաև այն, որ 2022թ. սեպտեմբերի հարձակումները ՀՀ-ի նկատմամբ տեղի են ունեցել նաև 2020թ. մայիսին ներխուժած վայրերից:
Ներկայացրել եմ նաև քաղաքացիական բնակավայրերն ավերելու, զինծառայողներին խոշտանգելու, մարմինները մասնատելու և ադրբեջանական այլ պատերազմական հանցանքների ապացույցները:
Ադրբեջանական զինված ուժերն անհնարինության են վերածել ՀՀ սահմանային խաղաղ բնակիչների կյանքը:
Ցուցադրել եմ նաև ադրբեջանական հայատյացության ու թշնամանքի ապացույցները. պետական հովանավորությամբ այս քաղաքականությունը ոչ միայն չի նվազում, այլ ավելի է խորացել՝ լինելով իշխանությունը պահպանելու գործիք և հասնելով ֆաշիզմի: Խոսքը բոլոր ոլորտների մասին է՝ սկսած կրթության բոլոր մակարդակներից մինչև մշակույթ և ունի թե՛ կրոնական, թե՛ էթնիկ հիմքեր:
Ադրբեջանական զինված ծառայողները տեսանկարում ու լուսանկարում են իրենց գործած վայրագությունները և հրապարակում դրանք, որ սեփական հասարակությունում արժանանան գովասանքի, իսկ հայ հասարակությունը ենթարկեն ահաբեկման և պատճառեն հոգեկան տառապանքներ:
Այդ վայրագությունները ոչ թե առանձին-առանձին հանցանքներ են, այլ միասնական քաղաքականության հետևանքներ են, միասնական շղթայի բաղկացուցիչ մասեր:
Հրեշավոր պատերազմական հանցանքերի, հայատյացության հովանավորության համար ադրբեջանական իշխանությունները, այդ հանցանքները կատարողները պետք է ենթարկվեն պատասխանատվության: Առանց դրա իրական խաղաղություն հնարավոր չէ հաստատել: Ադրբեջանական բարձրագույն իշխանությունն ինքն է հպարտանում, որ հայերի նկատմամբ ատելությամբ լցված սերունդներ են մեծացնում»,- գրում է Արման Թաթոյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին