Դիանա Խոջայանը Բռնոյի Կենտրոնի քաղաքային խորհրդում ընտրված առաջին հայն է
Չեխիայում անցկացված տեղական մարմինների ընտրություններին մասնակցում էր SPD` «Ազատ և ուղիղ ժողովրդավարություն» ընդդիմադիր կուսակցությունից առաջադրված 20-ամյա Դիանա Խոջայանը, որն ընտրվել է Բռնոյի Կենտրոնական քաղաքապետարանի խորհրդի անդամ։ Նա կուսակցության երիտասարդական թևի ակտիվ անդամներից է։ Այս մասին գրում է Orer.eu կայքը։
Դիանա Խոջայանը Բռնոյի Կենտրոնի քաղաքային խորհրդում ընտրված առաջին հայն է, նա նաև Չեխիայի ողջ տարածքում քաղաքային իշխանությունում ընտրված առաջին հայուհին է։
Դիանան ուսանում է Մասարիկի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի երկրորդ կուրսում, նաև հիանալի երգում է, հայտնի է դարձել չեխական հեռուստատեսային երաժշտական «Սուպեր Սթար» մրցույթին իր տպավորիչ մասնակցությամբ։
Orer.eu-ի այն հարցին, թե ի՞նչ ծրագրեր է նախատեսում իրականացնել քաղաքային խորհրդում աշխատանքի ընթացքում, Դիանան պատասխանել է.
«Ունեմ մեծ նպատակներ և ծրագրեր, որոնց բովանդակությանը կարող եմ ծանոթացնել ընթացքում, իսկ հիմա կնշեմ մի քանիսը։ Նախ պետք է կատարեմ մեր կուսակցության ծրագրի կետերը, որոնցից են երիտասարդ ընտանիքների համար նոր բնակարաններ ձեռք բերելու հնարավորությունը, մշակույթի զարգացման նոր ծրագրերի ու հնարավորությունների ստեղծումը, չեխական հին ավանդույթների ու սովորությունների վերականգնումն ու զարգացումը։
Իսկ իմ անձնական ցանկությունը Բռնո քաղաքում հայ -չեխական բարեկամության զարգացմանը նպաստելն է և մշակույթի համար ավելի լայնածավալ հնարավորությունների ստեղծումը։ Իհարկե, կցանկանամ նաև օգտակար լինել հայրենակիցներիս՝ իմ հնարավորության շրջանակներում»։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա