Ֆրանսիան պատվիրակություն կուղարկի Հայաստան՝ Ադրբեջանի հետ սահմանային գոտում իրավիճակը գնահատելու համար
Ֆրանսիական պատվիրակությունը կայցելի Հայաստան՝ գնահատելու իրավիճակը Ադրբեջանի հետ սահմանային գոտում։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստյան Լեկորնյուն։
«Իմ հայ գործընկեր Սուրեն Պապիկյանի հետ քննարկել եմ իրավիճակը Ադրբեջանի հետ սահմանին»,-իր Twitter-ում գրել է պաշտպանության գերատեսչության ղեկավարը։ Նրա խոսքով՝ բախումները պետք է դադարեցվեն, իսկ ադրբեջանական ուժերը պետք է վերադառնան իրենց սկզբնական դիրքերը։
«Իրավիճակը գնահատելու համար Հայաստան կուղարկվի ֆրանսիական պատվիրակություն»,-ասել է Լեկորնյուն։
Երկուշաբթի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։ Երեքշաբթի օրը Ֆրանսիայի ղեկավարը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ Մակրոնը երկու կողմերին էլ վստահեցրել է Փարիզի պատրաստակամությունը՝ հեշտացնելու բանակցությունները՝ լուծելու բոլոր չլուծված խնդիրները։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցների, ականանետերի, ԱԹՍ-ների, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, մասնավորապես հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Ջերմուկի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը ու սահմանամերձ բնակավայրերը, հարվածներ են հասցվել նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Սեպտեմբերի 19-ին ՀՀ Անվտանգության խորհրդի նիստում ընդունված հայտարարությունում ասվում է, որ զոհերի և անհայտ կորածների թիվը 207 է։ Զոհվածների թվում կա քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող։
Սեպտեմբերի 14-ի երեկոյան Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։
Հարակից հրապարակումներ`
- Ասել եմ Ալիևին, որ սահմանի` սահմանագծված չլինելու փաստը չի կարող արդարացնել ոչ մի առաջխաղացում մյուս երկրի տարածք. Մակրոն
- Ֆրանսիայի դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է անում չմեկնել հայ-ադրբեջանական սահմանի սահմանամերձ շրջաններ
- Պապիկյանը Պենտագոնում ներկայացրել է իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան