Քննարկվել են Հայաստանում արևմտահայերենի դասավանդման և տարածման հեռանկարները
ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ժաննա Անդրեասյանն ընդունել են «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հայկական համայնքների բաժանմունքի տնօրեն Ռազմիկ Փանոսյանին և տնօրենի օգնական Շողեր Մարկոսյանին:
Կողմերը քննարկել են Հայաստանում արևմտահայերենի դասավանդմանը, տարածմանը վերաբերող և Սփյուռքի հայկական կրթօջախներին առնչվող խնդիրները:
ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի եվ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է հյուրերին՝ կարևորելով երկկողմ համագործակցությունը վերոնշյալ թեմաների շուրջ՝ վստահություն հայտնելով, որ պետական աջակցությամբ ծրագրերի հետ «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի համադրման դեպքում կարող ենք էական առաջընթաց ապահովել մի շարք ծրագրերի պարագայում, ինչպիսիք են Սփյուռքի կրթօջախների քարտեզագրումը, հայագիտական կենտրոնների ցանցի ընդլայնումը, Հայաստանի դպրոցներում արևմտահայերենի ուսուցումը և այլն:
Փոխնախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ Հայաստանի հանրակրթական դպրոցներում գործում է արևմտահայերենի դասավանդման երաշխավորված ծրագիր՝ նախատեսված ավագ դասարանների համար: Ժ. Անդրեասյանն ընդգծել է Սիրիայից և Լիբանանից Հայաստան տեղափոխված երեխաների ինտեգրման և արևմտահայերենի խրախուսման կարևորությունը:
Արևմտահայերենի տարածման ուղղությամբ Ժաննա Անդրեասյանը որպես լուծում առաջարկել է հանրակրթական պետական նոր չափորոշչով նախատեսվող նախագծային աշխատանքները, որոնք իրականացվում են 7-րդ դասարանից: Ըստ Անդրեասյանի՝ նախագծային աշխատանքի նյութ կարող է լինել արևմտահայերենին վերաբերող որևէ թեմա՝ սկսած պատմությունից մինչև գրականություն: Նա շեշտել է նաև սփյուռքահայ և հայաստանցի երեխաների համագործակցության հնարավորությունը:
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հայկական համայնքների բաժանմունքի տնօրեն Ռազմիկ Փանոսյանի գնահատմամբ՝ արևմտահայերենի պահպանման խնդիրը Հայաստանում և Սփյուռքում տարբեր բնույթ է կրում: Նա տեղեկացրել է, որ քննարկման փուլում է արդի արևմտահայերեն գրականության ընթերցարան ստեղծելու հարցը, ինչը միտված է լեզվի տարածմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին