ԵՊՀ-ից հեռացրել են Նաիրի Հոխիկյանին
Ուսումնական տարվա մեկնարկին պետական որոշ բուհեր չեն կնքել նոր աշխատանքային պայմանագրեր ընդդիմադիր հայացքներ ունեցող, այս իշխանությունների քաղաքական կուրսի դեմ բողոքի դուրս եկած դասախոսների հետ։
Այսօր հայտնի դարձավ, որ ԵՊՀ-ն պայմանագիր չի կնքել Նաիրի Հոխիկյանի հետ, որը դասավանդում էր ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետում։ Հոխիկյանը կատարվածը համարում է ակնհայտ քաղաքական, կամ ավելի շուտ իշխանության պատվեր։
Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է.
«ԵՊՀ ղեկավարությունը աննպատակահարմար համարեց շարունակել դասախոսական համագործակցությունը նաև ինձ հետ։
Ակնհայտ քաղաքական, կամ ավելի շուտ իշխանության պատվեր այս նախաձեռնությունը ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկանը փորձեց ինձ բացատրել իմ դասավանդած առարկայի անօրինական լինելով։
Մի քանի տարի առաջ ֆակուլտետի դեկանը ինձ հրավիրել է դասավանդել Տարածաշրջանային զարգացումները և Հայաստանը, այլ կերպ ասած՝ քաղաքագիտական լրագրություն առարկան։ Հիմա հանկարծ պարզվել է, որ առարկան չի եղել ուսումնական պլանում և անօրինական է։ Այդպես ապօրինաբար ես տարիներ շարունակ ստացել եմ 20,000 դրամ աշխատավարձ ԵՊՀ-ից՝ փոխանցումներով։ Պատկերացնո՞ւմ եք։
Նույնկերպ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսումնական պլանից հանվել է իմ դասավանդած մեկ այլ՝ Հեռուստատեսային վավերագրական ֆիլմ առարկան։
Իրականում ես չեմ նեղացել ֆակուլտետի դեկանից, քանի որ լավ եմ պատկերացնում և նաև գիտեմ, թե իշխանության և իր անմիջական ղեկավարության կողմից ինչպիսի ճնշումների է ենթարկվել իմ առումով։
Իմ դասավանդած առարկաների շրջանակում ես ուսանողներիս փոխանցել եմ աշխարհում և մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները և դրանց լուսաբանման առանձնահատկությունները, սովորեցրել վավերագրական ֆիլմի հմտությունները։ Ունեցել եմ հայրենիքին նվիրյալ հրաշալի ուսանողներ, որոնցից շատերը հիմա էլ աշխատում են և ի ցույց դնում իրենց մասնագիտական, մարդկային և հայկական լավագույն հատկությունները։
Իհարկե, ցավում եմ, որ որոշ ժամանակ իմ սիրելի ԵՊՀ-ում չեմ լինելու։ Այնտեղ չլինելս ինձ ֆինանսական խնդիր չի, որովհետև ստացել եմ 20,000-30,000 ամսական աշխատավարձ, որը նվիրաբերել եմ Արցախի համար իրականացվող ծրագրերին, վերջին անգամ փոխանցել եմ պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանի հիմնադրամին։
ԵՊՀ-ից դուրս անպայման կշարունակեմ դասախոսական աշխատանքս՝ այլ վայրում և կշարունակեմ փոխանցել փորձս և գիտելիքներս։ ԵՊՀ-ի իմ ուսանողների հետ կապս չեմ կտրում, նրանց հետ մեկնել եմ մեր հայրենիքի հետաքրքիր ու պատմական վայրեր, ցույց տվել մեր երկրի արժեքները։ Կշարունակեմ այսուհետ ևս, նաև ԵՊՀ-ի ուսանողների հետ։
Վստահ եմ, Հայաստանում իշխանություն փոխվելուց հետո նույն ֆակուլտետի ղեկավարությունը առաջիններից մեկն է զանգելու և հրավիրելու աշխատանքի»։
Հարակից հրապարակումներ`
- Էդգար Ղազարյանը՝ ՀՊՏՀ ռեկտորի մասին. Գողությունն ու գրագողությունը 40 օր է տևում
- Էդգար Ղազարյան. Պատրաստ եմ անվճար դասախոսություններ կարդալ ՀՊՏՀ ուսանողների և մագիստրանտների համար
- Ահազանգ. ՀՊՏՀ ռեկտորն առանց որևէ հիմքի աշխատանքից հեռացրել է Էդգար Ղազարյանին
- «Ժողովուրդ». Պետական կառավարման ակադեմիայում վերադասավորումներից հետո ևս քաղաքական իրավիճակ է փոխվել
- Ձերբակալություններով փորձում են գլխատել ժողովրդին, այդպես արել են երիտթուրքերը. Սերժ Սրապիոնյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին