Հայաստանում վերջին երկու տարում սրտանոթային հիվանդություններից մահերի թիվը աճել է
«Ինչպես Հայաստանում, այնպես էլ ցանկացած երկրում, սրտանոթային հիվանդություններն առողջապահական համակարգի գերակա հիմնախնդիրներից մեկն են, քանի որ հիվանդացության և մահացության ցուցանիշները բավականին բարձր են»,- ասուլիսում ասաց Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենի տեղակալ Դիանա Անդրեասյանը։
ԱՀԿ տվյալներով, աշխարհում յուրաքանչյուր տարի սրտանոթային համակարգի հիվանդություններից մահացությունը կազմում է շուրջ 16,6 միլիոն։ Դ. Անդրեասյանի խոսքով, մահացության բարձր ցուցանիշն ավելի բնորոշ է ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներին։
Ըստ ԱՀԿ կանխատեսումների, եթե համապատասխան կանխարգելիչ, բուժման միջոցառումներ չիրականացվեն, մինչև 2030 թվականը տարեկան կարձանագրվի շուրջ 23 միլիոն մահվան դեպք։
Ինչ վերաբերում է Հայաստանին, Դ. Անդրեասյանն ասաց, որ մահացության կառուցվածքում, բնականաբար, սրտանոթային հիվանդությունները զբաղեցնում են առաջին տեղը, մահացությունը կազմում է 48,3 տոկոս ընդհանուր մահացության կառուցվածքում։ 2021-ին, 2020-ի համեմատ, արձանագրվել է մահացության թվերի նվազում 525 դեպքով. 2021 թվականի արձանագրվել է 16 հազար 589 դեպք, 2020՝ 17 հազար 114 դեպք։
«Մինչև 2019 թվականն ունեինք թվերի նվազման միտում, սակայն 2020, 2021 թվականների իրադարձությունների հետևանքով ունեցանք ցուցանիշի աճ»,- ասաց Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենի տեղակալը։
Ինչ վերաբերում է կանանց և տղամարդկանց շրջանում մահացությանը, նա փաստեց՝ մտահոգիչ է, որ մինչև 70 տարեկան տղամարդկանց շրջանում, ի համեմատ կանանց, մահացությունը շուրջ 2 անգամ բարձր է։ Սա խոսում է այն փաստի մասին, որ տղամարդիկ մինչև 70 տարեկան, առավել ևս 35-65 տարքիային խումբը, ռիսկային է, քանի որ իրենց շրջանում այդ մահացության ցուցանիշն ավելի բարձր է։
«Ո՞րն է պատճառը։ Տղամարդկանց ռիսկային վարքագիծը զգալիորեն բարձր է կանանց համեմատ՝ ծխախոտի օգտագործում, զարկերակային բարձր ճնշման տարածվածություն ազգաբնակչության շրջանում, ֆիզիկական թերակտիվություն, ավելցուկային քաշ, ճարպակալում, որը բնակչության շրջանում կազմում է 48 տոկոս, աղի չարաշահումը։ Այս ամենն ազդեցություն է ունենում բնակչության առողջության ցուցանիշների վրա»,- ասաց Դ. Անդրեասյանը։
ՀՀ առողջապահության նախարարության սրտաբանության գծով խորհրդատու Համլետ Հայրապետյանն ասաց, որ նաև սրտի անհետաձգելի վիրահատությունների պետական ծրագրի շնորհիվ նվազել է սրտանոթային հիվանդություններից մահերի քանակը։
«Վերջին երկու տարում՝ պայմանավոված պատերազմով, սթրեսային իրավիճակներով, կովիդով, որը հանդիսանում է ինֆարկտի, սրտանոթային հիվանդությունների պատճառ, աղբյուր, սրտանոթային հիվանդություններից մահերի թիվը աճել է»,- նշեց նա։