«Հայ ֆեստ». Կկայանա 44-օրյա պատերազմում հերոսացած Ալեն Մարգարյանի հեքիաթներով ներկայացման պրեմիերան
«ՀԱՅ ՖԵՍՏ» կատարողական արվեստի միջազգային փառատոնն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 1-ից 8-ը: Հոբելյանական 20-րդ «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը կրում է «The next 20 years will be better!» («Հաջորդ 20 տարիները կլինեն ավելի լավը») խորագիրը:
Լրագրողների հետ հանդիպմանը փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանն ասաց, որ այս տարի «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը կհյուրընկալի 10 երկրից ժամանած ավելի քան 250 մասնակիցների և հյուրերի` այդ թվում հեղինակավոր արվեստագետների, արտմենեջերների, միջազգային փառատոնի նախագահների` Ռումինիայից, Ռուսաստանից, Կիպրոսից, Գերմանիայից, Իսրայելից, Էստոնիայից, Իրանից և այլ երկրներից:
Նրա խոսքով, թեև ոչ այնքան տոնական տրամադրությանը, այնուհանդերձ, փորձում են թատրոնի տոնի որակն ապահովել։
Երևանյան 14 բեմահարթակներում կցուցադրվի ավելի քան 26 ներկայացում: Թատերասերները հնարավորություն կունենան դիտելու դրամատիկական, երաժշտական, պարային, մոնոներկայացումներ, մուլտիմեդիային, տիկնիկային, ֆիզիկական, շարժման, վիզուալ, կրկեսային, մանկական, ինչպես նաև բացօթյա ներկայացումներ: Փառատոնի շրջանակում ներկայացումներ կցուցադրվեն նաև Գյումրիում և Վանաձորում:
Փառատոնի հեդլայները Սանկտ Պետերբուրգի Բորիս Էյֆմանի բալետի ակադեմիական թատրոնի «Ռոդեն` նրա հավերժ կուռքը» ներկայացումն է, որը կցուցադրվի փառատոնի շրջանակում:
Երևանյան թատրոններից «ՀԱՅ ՖԵՍՏ»-ի հիմնական ծրագրում հանդես կգան Երևանի Կամերային, «Համազգային», Հ. Թումանյանի անվան տիկնիկային և «Միհր» թատրոնները:
Ա.Ղուկասյանը հայտնեց, որ հիմնական ծրագրից բացի, փառատոնի ընթացքում կլինեն վարպետության դասեր՝ անվանի թատերական գործիչների կողմից, ինչպիսիք են՝ թատերագետ Անդրեյ Մոսկվինը (Լեհաստան), պրոդյուսեր Յուկկա Հիտտը (Ֆինլանդիա), դերասանի, շարժման թատրոնի, մշակութային քաղաքականության, արվեստի կառավարման թեմաներով, կխոսեն ժամանակակից մարտահրավերների մասին, երբ քաղաքականությունը կարող է մխրճվել մշակութային կյանք։
Փառատոնի բացումը կկայանա հոկտեմբերի 1-ին՝ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում։ «ԷՄ Ստուդիո»-ն (Ռումինիա) կներկայացնի «Վերելակ» պարային ներկայացումը:
Որպես առաջին ներկայացում ընտրվել է Հ. Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի կողմից բեմադրված «Դետեկտիվ Ալենը» ներկայացումը, որը նվիրված է 44-օրյա պատերազմի ժամանակ հերոսացած Արցախի հերոս, Ոսկե արծիվ շքանշանակիր Ալեն Մարգարյանին և գրված է նրա հեղինակային հեքիաթների հիման վրա։ Ռեժիսորն է Սամսոսն Մովսեսյանը։
Ասուլիսում «Ալեն Մարգարյան» բարեգործական հիմնադրամի նախագահ, 44-օրյա պատերազմում զոհված Արցախի հերոս Ալեն Մարգարյանի մայրը՝ Նազելի Տերտերյանն ասաց, որ «Դետեկտիվ Ալենը» տիկնիկային ներկայացումը ստեղծվել է Ալենի երեք հեքիաթների հիման վրա։
«Իմ որդին մեծ ոգևորությամբ պրոպագանդում էր կրթություն, արվեստ, մշակույթ, դրա հետ մեկտեղ անվախ, քաջ ու խիզախ երիտասարդ էր, ով թողեց Բոստոնի համալսարանում իր կրթությունը, ապագան ԱՄՆ-ում, եկավ՝ կյանքը տալու իր ժողովրդի, պետության համար»,- ասաց տիկին Նազելին։
Ալենը ստեղծագործել է, գրել հեքիաթներ, նկարահանել ֆիլմեր, դասախոսել, գերազանց տիրապետել է հինգ օտար լեզուների։
«Երեխաներն Ալենի հոգում ու սրտում էին, դա չէր կարող իր տրամաբանական ավարտը չունենար հեքիաթների տեսքով»,- նշեց նա։
Ն. Տերտերյանը նաև հայտնեց, որ այժմ «Զանգակ» հրատարակչությունը պատրաստում է տպագրել Ալենի հեթիաթների գիրքը։
«Համոզված եմ՝ և ներկայացումը, և Ալենի հեքիաթների գիրքը հավերժ մնալու է մանուկների, մեծերի սրտում։
Ողջ ստեղծագործական թիմը բավական երկար ամիսներ աշխատել է ներկայացման վրա։ Ուզում ենք լիներ իր տեսակի մեջ չկրկնվող, այն Ալենի լույսը, մեսիջները տարածի աշխարհով մեկ՝ կրթության, գիտության, գրքի նկատմամբ սիրո, ընթերցանության միջոցով բացահայտել աշխարհը, փոխել աշխարհը դեպի գեղեցիկը, բարին, վեհն ու ազնիվը»,- ասաց անմահացած հերոս Ալենի մայրը։
Նրա ներկայացմամբ, Ալենի ցանկությունն էր՝ արվեստի ու մշակույթի միջոցով մարդկանց սրտերում տեղ գտնի բարությունը, մարդասիրությունն ու հանդուրժողականությունը, որպեսզի այդպես աշխարհն ավելի գեղեցիկ դառնա։
«Ալեն Մարգարյան» բարեգործական հիմնադրամն արդեն գործում է մեկ տարի։ Ն. Տերտերյանի խոսքով, հիմնադրամի նպատակն է աջակցել կրթական ու մշակութային ծրագրերի իրականցումը, նպաստել սոցիալապես անապահով խավի շնորհալի երիտասարդների դրսևորմանը՝ ապահովելով նրանց համար ուսման վճարները։
Նա նշեց, որ փառատոնի տոմսերից ստացված հասույթն անպայման ծառայելու է հիմնական նպատակին՝ կրթության, գիտության, արվեստի ու մշակույթի զարգացմանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան