Տարբեր ենթակառուցվածքների աստղեր տարբեր էվոլյուցիոն փուլերում են գտնվում. Բյուրականի աստղադիտարանի բացահայտումը
Գիտությունների ազգային ակադեմիայի Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատողները ցույց են տվել, որ տարբեր ենթակառուցվածքների աստղեր տարբեր էվոլյուցիոն փուլերում են գտնվում և հաստատել են արտահայտված կապ աստղերի էվոլյուցիոն տարիքի և նրանց շրջապատող գազափոշային նյութի հատկությունների միջև:
«Աստղաֆիզիկայում աստղառաջացման գործընթացի հետ կապված խնդիրների ուսումնասիրությունը շատ մեծ նշանակություն ունի: Մեր կողմից ներկայացված «IRAS05168+3634 աստղառաջացման տիրույթի կառուցվածքը» աշխատանքում ցույց ենք տվել, որ տարբեր ենթակառուցվածքների աստղեր տարբեր էվոլյուցիոն փուլերում են գտնվում, և կա լավ արտահայտված կապ աստղերի էվոլյուցիոն տարիքի և նրանց շրջապատող գազափոշային նյութի հատկությունների հետ: Աշխատանքում տվյալ աստղառաջացման տիրույթի համար պարզաբանվել են որոշակի օրինաչափություններ աստղային բնակչության և նրանց մայր ամպի գազափոշային միջավայրի միջև», – ասաց ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Ելենա Նիկողոսյանը: Ըստ նրա՝ կատարված վերլուծությունը ցույց է տվել, որ ամենամեծ միջաստղային նյութի խտություն և զանգված ունեցող ենթատիրույթները պարունակում են I դասի էվոլյուցիոն փուլ ունեցող երիտասարդ աստղային օբյեկտների ամենամեծ տոկոսը։ «Բոլոր ենթատիրույթներում աստղերի էվոլյուցիոն տարիքի լայն բաշխումը (105-ից մինչև 107 տարի) վկայում է, որ դիտարկվող աստղառաջացման տիրույթում աստղերի ձևավորման ընթացքն ունի ինքնաբուխ և հաջորդական խտացումների բնույթ։ Այն ենթատիրույթներում, որտեղ սկզբնական, մայր մոլեկուլային ամպի զանգվածն ավելի մեծ է, այս ընթացքը, հավանաբար, ավելի ակտիվ է և երկարատև»,– ասել է Ելենա Նիկողոսյանը:
ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, հետազոտությունն իրականացվել է «Աստղառաջացման տիրույթներ` ձևավորում և էվոլյուցիա» առաջատար հետազոտությունների աջակցության 21AG-1C044 գիտական թեմայի շրջանակում։ Գիտական արդյունքի վերաբերյալ հոդված է տպագրվել «Astrophysics and Space Science» աստղագիտության, աստղաֆիզիկայի և տիեզերական գիտությունների միջազգային ամսագրում: Աշխատանքի արդյունքները զեկուցվել են Շվեդիայի Չալմերսի տեխնոլոգիական համալսարանում 2022թ. հունիսի 20-24-ին տեղի է ունեցած «From Stars to Galaxies II» միջազգային գիտաժողովի ժամանակ:
Գիտական արդյունքի չորս համահեղինակներից երեքը երիտասարդ գիտաշխատողներ են։
Հարակից հրապարակումներ`
- «Սթարմուս» փառատոնի հյուրերը Բյուրականի աստղադիտարանում էին
- Բյուրականի աստղադիտարանում կանցկացվեն գիտական միջազգային միջոցառումներ
- Բյուրականի աստղադիտարանում բացահայտել են, որ աստղառաջացման պրոցեսները կարող են ձգանի դեր խաղալ
- Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատողները պարզել են աստղերի արտահոսքերի մեջ դիտվող խտացումների պատճառները
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին