Հենրիկ Մալյանի ծննդյան օրն է
Սեպտեմբերի 30-ը հայ կինո և թատերական մշակույթի մեծերից մեկի՝ կինոռեժիսոր Հենրիկ Մալյանի ծննդյան օրն է:
«Մալյանի ժառանգությունը խորհրդանշում է ոչ միայն հայկական կինոյի լավագույն ավանդույթների կենսունակությունը, այլև հանդիսատեսի աննահանջ սերը ճշմարիտ արվեստի հանդեպ:
Կինոյի մեծ Վարպետի անցած ճանապարհը՝ Լևոն Քալանթարի արվեստանոցից մինչև ГИТИС-ի ռեժիսորական ընդլայնված դասընթացները, լուրջ փորձառության շրջան էր, որի արդյունքում ազգային կինոյի Ոսկե ֆոնդը հարստացավ այնպիսի հայտնի ֆիլմերով, ինչպիսիք են «Եռանկյունի», «Մենք ենք, մեր սարերը», «Հայրիկ», «Նահապետ», «Կտոր մը երկինք», որոնք առ այսօր շարունակում է սիրել հայ հանդիսատեսը:
Իր լավագույն ֆիլմերին զուգահեռ Մալյանը 1980 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիային առընթեր ստեղծեց իր «թատրոն-ստուդիան», որի առաջին ներկայացումներից էին Վիլյամ Սարոյանի պատմվածքի հիման վրա բեմադրված «Իմ հայրենիքի խրատական հեքիաթները» և Թումանյանի «Հեքիաթները»:
Մալյանի ստեղծագործական ժառանգությունն այսօր էլ տպավորում և ոգեշնչում է հայ արվեստասերների նորանոր սերունդների»,- նշված է Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆեյսբուքյան էջում։
«Համոզված եմ, որ այն անհատը, որն իսկապես զգում է իր կողքի մարդուն, զրուցել է հայ գյուղացու կամ քաղաքացու հետ, շնչել է Մատենդարանի խորհրդավոր օդը, զայրույթով լռել է Եղեռնի հուշարձանի առջև, զգացել է մեր եկեղեցիների վեհությունը, հաղորդվել է Նարեկացուն, ում սիրտը բաբախել է Չարենցի սրտի ռիթմով, չի կարող ազգային ֆիլմ չստեղծել»б- ասել է Հենրիկ Մալյանը։
Մալյանի գլուխգործոց ֆիլմերը կարող եք դիտել Հայաստանի ազգային կինոկենտրոնի յութուբյան ալիքում։
Ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր Հենրիկ Մալյանը ծնվել է 1925 թվականին Թելավիում։ 1942-1945 թվականներին աշխատել է Թբիլիսիի ավիագործարանում որպես գծագրիչ, փականագործ։ 1945-1951 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական բաժնում՝ Լևոն Քալանթարի արվեստանոցում[1]։ 1953 թվականին ավարտել է Ա. Լունաչարսկու անվան պետական թատերական արվեստի ինստիտուտի (ГИТИС) ռեժիսուրական ընդլայնված դասընթացները։ 1951-1954 թվականներին աշխատել է որպես ռեժիսոր Հայաստանի տարբեր թատրոններում (Արտաշատ, Կիրովական, Ղափան) և հեռուստատեսությունում։ 1954 թվականից՝ ռեժիսորի օգնական, այնուհետև ռեժիսոր Հայֆիլմ-ում։ 1961-1962 թվականներին «Մոսֆիլմ» կինոստուդիայում ստաժավորում է անցել ռեժիսորներ Կալատոզովի և Բոնդարչուկի մոտ։ 1980 թվականին Հայֆիլմին առընթեր հիմնադրեց «Մալյան թատրոն-ստուդիա»։ Առաջին բեմադրությունը Վ․ Սարոյանի պատմվածքի հիման վրա «Իմ հայրենիքի խրատական հեքիաթները» ներկայացումն էր։
1982 թվականից դասավանդում էր Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտում, պրոֆեսոր[2]։ 1971–1988 թվականներին դասավանդել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում, 1975–1988 թվականներին եղել է ռեժիսուրայի և դերասանի վարպետության ամբիոնի վարիչ[3]։
1980 թվականին Երևանում հիմնել է կինոդերասանի թատրոնը, որը 1988 թվականից անվանակոչվել է նրա անունով։
Մահացել է 1988 թվականի մարտի 14-ին Երևանում։
«Ֆիլմերիդ հերոսները էկրանի վրա ապրում են հայերեն, ինքդ հայ ես՝ հայի դարդ ու ցավով, հայի տենչանքներով, երազներով: Ես չեմ հանդիպել մեկ ուրիշին, որ քեզ նման ուժ ունենար՝ հարազատ ժողովրդի ապրելակերպի ու վարքագծի մեջ այդքան թերություններ տեսնելու, և չգիտեմ այլ մեկին, որ այդպես թափանցեր հայ մարդու էության մեջ, հմուտ խուզարկուի նման գանձեր որոներ, գտներ նրա հոգում»,- Մալյանի մասին ասել է դերասան Սոս Սարգսյանը։