Մայր Աթոռ. Վեհափառի ու Նիկոլ Փաշինյանի հանդիպման վերաբերյալ տարածվող նյութերը կեղծ են
ՀՀ և ԼՂՀ նախագահների հաջորդ հանդիպման նախապատրաստման նպատակով Ամենայն Հայոց Կաթողիկոսը այս օրերին առանձին հանդիպումներ է ունեցել նախագահների հետ։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։
«Հաստատում ենք, որ երեկ տեղի է ունեցել հանդիպում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։ Առանձնազրույցի բովանդակության և նաև վարչապետի հետ հանդիպման վերաբերյալ տարածվող նյութերը կեղծ են։ Կարծում ենք, որ այս ամենը նպատակ է հետապնդում ձախողել նախաձեռնված քննարկումների գործընթացը»,-Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Եսայի քահանա Արթենյանը։
Նշենք, որ թելեգրամի ալիքներից մեկը վկայակոչելով իր ունեցած տեղեկությունները գրել է.
«Մեր տեղեկություններով, նախօրեին Հայոց Հայրապետը կրկին հանդիպել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին: Զրուցակիցները քննարկել են երկրի նախկին երեք նախագահների կողմից օրերս արված հայտարարությունները և դրանց հնարավոր ազդեցության խնդիրը սեպտեմբերի 23-իմ Մայր Աթոռում` Կաթողիկոսի և Հայաստանի ու Արցախի նախկին նախագահների մասնակցությամբ սկիզբ առած գործընթացի հետագա ընթացքի վրա:
Մեզ նաև հայտնի է դարձել, որ զրույցի ընթացքում Կաթողիկոսն իր համաձայնությունն է հայտնել Լևոն Տեր-Պետրոսյանի` Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած որոշ թեզերի հանդեպ` նշելով, որ իշխանափոխության խնդիրն իր համար էլ միանշանակ չէ: Վեհափառը բողոքել է, որ այդ հարցում իր վրա մեծ ճնշում են գործադրում ընդդիմադիր հայացքներ ունեցող եպիսկոպոսները:
Նույնաբովանդակ զրույց Կաթողիկոսն ունեցել է նաև վարչապետ Փաշինյանի հետ: Այդ մասին Նիկոլ Փաշինյանը երկու օր առաջ տեղեկացրել է իր թիմակիցներին` Խորհրդարանում կայացած փակ հանդիպման ժամանակ»։
Այս տեղեկատվության վերաբերյալ ՀԱԿ Խոսնակ Արման Մուսինյանը գրել էր.
«Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀՀ Առաջին նախագահը քառասուն տարվա գործընկերներ են Գևորգյան ճեմարանում և «Էջմիածին» ամսագրում համատեղ աշխատանքի ժամանակներից։ Ուստի, նրանց հանդիպումները զարմանք չպետք է հարուցեն։
Ինչ վերաբերում է «Լայֆ Երևան» Տելեգրամյան ալիքի այսօրվա հրապարակած հորինվածքներին, դրանք պարզապես միտված են իշխանության և ընդդիմության հնարավոր երկխոսության վիժեցմանը»։
Հարակից հրապարակումներ`
- Պետք է շարունակել ամենօրյա աշխատանքով հասարակության մեջ արթուն պահել պայքարի ոգին. Սերժ Սարգսյան
- Ռոբերտ Քոչարյան.Կոնսոլիդացիայի նպատակը ժողովրդին հաղթանակի մղելն է, ոչ թե պարտության
- Լևոն Տեր-Պետրոսյան. Ինֆորմացիա չունենք, թե ինչ պրոցեսներ են տեղի ունենում, դա գիտի միայն Նիկոլը
- Մայր Աթոռ. ՀՀ և Արցախի նախկին նախագահները, Գարեգին Երկրորդը քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը