Խոջամիրյան. Գրքի հանդեպ սերը մեզանում ավելանում է, ինչի վկայությունն է այս փառատոնը
«Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի է ունեցել Գրքի երևանյան 5-րդ փառատոնի բացման արարողությունը: ԿԳՄՍՆ աջակցությամբ անցկացվող փառատոնն այս տարի նվիրված է Վահագն Դավթյանի 100-ամյակին, ինչի շրջանակում էլ փառատոնի բացումն ազդարարվել է գրողի մասին պատմող տեսաֆիլմով:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ընդգծել է՝ գրահրատարակչությունը, թարգմանական արվեստն այն ոլորտներն են, որոնք շատ խորն արմատներ ունեն, ինչի լավագույն խորհրդանիշը Մատենադարանն է` Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտը:
«Այն գանձերը, որոնք պահված են Մատենադարանում, ստեղծվել են ավելի սարսափելի պայմաններում՝ մշտական սպառնալիքի ներքո: Եթե մեզնից յուրաքանչյուրը պատասխանատվություն չկրի այն սխրագործությունների համար, որոնք մեր սուրբ հայրերն են դրսևորել, կպարտվենք այդ իսկ պահից: Ես վստահ եմ՝ այդ գիտակցումը կա մեր մեջ, և այս միջոցառումը դրա վկայությունն է»,- ասել է նա։
Գրքի երևանյան փառատոնի կազմակերպիչն այս տարի Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանն է:
Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը. «Հասարակության հոգևոր հասունության կարևոր չափանիշը միշտ եղել և շարունակում է մնալ գրքի հանդեպ վերաբերմունքը: Վստահաբար գրքի հանդեպ սերը մեզանում ավելանում է, ինչի վկայությունն է այս փառատոնը: Մեզ պատուհասած դժվարին օրերին, երբ մի ձեռքում սուրն է, մյուս ձեռքում՝ գիրքը, դրանք փաստում են ժողովրդի ուժի և ոգեղենության մասին»:
Ս. Խոջամիրյանն ընթերցասեր հանրությանը հրավիրել է փառատոնի շրջանակում Խ. Աբովյանի տուն-թանգարանում կայանալիք միջոցառումներին:
ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ փառատոնի շրջանակում սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը նախատեսված են շուրջ 60 միջոցառումներ՝ բացառիկ զեղչով գրքի տոնավաճառ, գրական հանդիպումներ, վարպետության դասեր, ընթերցումներ, շնորհանդեսներ, գրական մրցանակաբաշխություն, որոնք տեղի կունենան Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում, Եղիշե Չարենցի տուն-թանգարանում, Ռուսական արվեստի թանգարանում, Հայաստանի ազգային գրադարանում, Երևանի պետական համալսարանում, Հայ-ռուսական համալսարանում, «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանում, «Զանգակ» գրատանը:
Փառատոնի բոլոր միջոցառումների մուտքն ազատ է։