Մարիցա Թիլիքյանը փոփ երաժշտության միջազգային մրցույթում արժանացել է Գրան պրի մրցանակի
ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի մեներգչուհին շարունակում է միջազգային մրցույթներում հաղթանակներ գրանցել: Մարիցա Թիլիքյանը Բուլղարիայում անցկացված «Արծաթե յանտրա 2022» փոփ երաժշտության միջազգային մրցույթում արժանացել է Գրան պրի մրցանակի։
Մարիցան մրցույթին ներկայացրել է Շուշան Սարգսյանի «Հայաստա՛ն երկիր, ի՛մ մայր» երգը: ԵՊՀ-ից հայտնում են, որ միջազգային մրցույթն անցկացվել է սեպտեմբերի 22-25-ը, մրցույթի նպատակ է խթանելու համաշխարհային և ազգային բարձրաճաշակ երաժշտության տարածումը։
Մարիցա Թիլիքյանը ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի շրջանավարտ է: Նա մշակույթի կենտրոնում մեծ սեր է ձեռք բերել երգարվեստի հանդեպ և որոշել ուսումը շարունակել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ միաժամանակ պահպանելով ԵՊՀ-ի և Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի հետ ունեցած ամուր կապը: