Շեքսպիրյան 16-րդ փառատոն. երևանյան 11 բեմահարթակում կցուցադրվի ավելի քան 19 ներկայացում 18 թատերախմբի մասնակցությամբ
Երևանի Շեքսպիրյան 16-րդ միջազգային թատերական փառատոնն անցկացվելու է հոկտեմբերի 17-22-ը։ Այս տարի փառատոնը կհյուրընկալի 10 երկրից ժամանած ավելի քան 250 մասնակցի և հյուրի՝ նրանց թվում են հեղինակավոր արվեստագետներ, միջազգային փառատոների տնօրեններ Իտալիայից, Հունգարիայից, Ռումինիայից, Ղազախստանից, Հարավային Օսեթիայից, Իրանից, Բուլղարիայից, Ռուսաստանից, Վրաստանից և Ֆրանսիայից։
Փառատոնի մամուլի ծառայությունից հայտնում են, որ երևանյան 11 բեմահարթակում կցուցադրվի ավելի քան 19 ներկայացում 18 թատերախմբի մասնակցությամբ։
Երևանի Շեքսպիրյան 16-րդ միջազգային թատերական փառատոնի հեդլայներ կդառնան Սանկտ-Պետերբուրգի պատանի հանդիսատեսի թատրոնի «Ձմեռային հեքիաթ» (Ռուսաստան) և IM Perfect թատերախմբի «Ռոմեո և Ջուլիետ» (Իտալիա) ներկայացումները։
Ներկայացում կցուցադրվի նաև Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի բեմում․ Նովոռոսիյսկի դրամատիկական թատրոնը (Ռուսաստան) կներկայացնի «Լիր արքան»։
Փառատոնի շրջանակում կանցկացվի նաև հատուկ ծրագիր «FestOFF» խորագրով, որը նախատեսված է ուսանողների և անկախ թատերախմբերի համար։
Փառատոնի օրերին կանցկացվեն վարպետաց դասեր։ Երևանի Շեքսպիրյան փառատոնը ձեռք է բերել բացառիկ համաձայնություն․ փառատոնի օրերին վարպետաց դասեր կվարի հայտնի թատերական ռեժիսոր, մանկավարժ, մի շարք թատերական մրցանակների դափնեկիր Յուրի Բուտուսովը (ՌԴ)։ Սա աննախադեպ հնարավորություն է հռչակավոր ռեժիսորի հետ շփվելու համար։
Փառատոնի բացումը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին` ժ. 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացմամբ (բեմադրող բալետմայստեր ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Օլեգ Վինոգրադով)։
Երևանի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը աշխարհահռչակ Եվրոպական Շեքսպիրյան փառատոնների ցանցի անդամ է: 2016թ․-ից փառատոնի տնօրենը Կարո Բալյանն է։ Փառատոնի հիմնադիրն է Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը:
Նշվում է, որ այս տարի Շեքսպիրյան փառատոնի ընթացքում միավորվում են հասարակական-բարեգործական և մշակութային արժեքները։ Կլինի տոմսերի վաճառք և փառատոնից ստացված ողջ հասույթը կուղղվի բարեգործության։
Փառատոնն անցկացվում է «ՄԵՆՔ» բարեգործական հասարակական կազմակերպության հովանավորությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։