2021-2022 թթ. Արցախում կապի տարբեր միջոցների օգտագործմամբ խարդախության եղանակով քաղաքացիներից հափշտակվել է ավելի քան 31 մլն դրամ
2021-2022 թվականներին Արցախի Հանրապետության տարածքում արձանագրվել է կապի տարբեր միջոցներով, սոցիալական ցանցերով գովազդվող ծառայությունների մատուցման պատրվակով և նմանատիպ այլ եղանակներով արտահայտված խաբեությամբ ֆիզիկական անձանցից խարդախությամբ հափշտակություն կատարելու 70 դեպք, որոնց կապակցությամբ հարուցվել է ընդհանուր 65 քրեական գործ:
Արցախի դատախազությունից հայտնում են, որ այդ կերպ քաղաքացիներից հափշտակվել է ավելի քան 31.000.000 դրամ գումար, որից վերականգնվել է ընդամենը 2.773.000 դրամը: Նկատի ունենալով, որ հիշյալ բնույթի խարդախությունները հիմնականում կատարվել են հափշտակվող գումարը վճարային տերմինալների միջոցով փոխանցելու կամ խաղային հաշիվներին մուտքագրելու եղանակով և դրանք հիմնականում ձեռք էին բերվել ԱՀ տարածքից դուրս գտնվող անձանց կողմից, այդ պատճառով մի շարք դեպքերով դեռևս անհայտ են մնում հանցանք կատարած անձինք:
«Ինչպես ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության, այնպես էլ դատախազության կողմից իրականացված տևական քարոզչական աշխատանքի արդյունքում հիշյալ բնույթի դեպքերը էականորեն նվազել են, սակայն խարդախության նման փորձեր դեռևս արձանագրվում են:
Հետևաբար, կրկին խնդրում և կոչ ենք անում զերծ մնալ անհայտ կամ կասկածելի աղբյուրներից կապի տարբեր միջոցներով կամ սոցիալական ցանցերով առաջարկվող ծառայություններից, անվստահելի գործարքներից, իսկ նման իրավիճակում հայտնվելու դեպքում` անհապաղ հայտնել ԱՀ ոստիկանությանը»,- նշում են Արցախի Հանրապետության դատախազությունից։